Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/157

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հոգևորականության վրա։ Ոչ մի հոգևորական, թեկուզ լիներ ավելի հանճարեղ քան թե Արովյանցը, կարող չէր այդպիսի մի բան անել։ Ո՞ր ուխտապահ և ավանդապահ հոգևորականը վեր կկենար և ջարդ ու փշուր անելով գրաբարի շղթաները ցույց կտար, որ նույնիսկ Քանաքեռի պես մի աննշան գյուղի ռամիկ լեզուն ավելի ուժ ու կենդանություն ունի, ավելի հարմարավոր է և պետքական գրական լեզու յինելու համար, քան ոսկի դարու գրաբարը։ Ո՞ր լավ և տաղանդավոր հոգևորականը կհամարձակեր այնպիսի մի հանդուգն արշավանք մղել ընդդեմ գրաբարի, ընդդեմ Նարեկացու լեզվի, ինչպես Աբովյանցն է անում Զանգվի նկարագրության մեջ, ուր իր կոպիտ բարբառով մտնում է Նարեկացու բարբառի մեջ` կարծես գիտությամբ, որ ցույց տա ռամկական լեզվի հավասար ուժ ունենալը նրա հետ։ Ո՛չ, հոգևորականը չէր անիլ, նա աշխարհային սիրո երգիչ չէ, այլ աստվածային։ Աշխարհիկ լեզվով գրող հոգևորականներից շատերը միայն աղճատում են այդ լեզուն և աղավաղում, այդ անում են գիտությամբ, ցույց տալու համար, թե հնարավոր չէ առանց գրաբարի աշխարհաբար գրել, պետք են գրաբարի նախդիրները, հոլովմունքը, խոնարհ մունքը, և այլն։ Անշա՞հ մոլեռանդություն...

3

Ֆիզիկական աշխարհում մեծ մարմիններն այնքան մեծ ձգողական ուժ ունին, որ դեպի իրանց են քաշում ավելի փոքր մարմիններին, որոնք կամ կպչում են նրան և կամ պտտվում նրա չորս կողմով։ Այս միևնույն օրենքը տեսնում ենք և բարոյական աշխարհում։ Բոլոր մեծ մարդիկը, մեծ հանճարները կրթվող սերունդի սիրտն ու հոգին դեպի իրանց քաշելու սաստիկ մեծ ուժ ունին։ Այդ ուժը մեծ է մանավանդ մեծ բանաստեղծների և վիպասանների մեջ։ Զարմանալի չէ ուրեմն, որ երկու զորեղ հանճարները` Հ.Ղ. Ալիշանյան և Խ. Աբովյան դեռևս պատանի Պռոշյանցին փոփոխակի քաշեին դեպի իրանց։ Նախքան Աբովյանցի գրության դուրս գալը Պռոշյանցը պտտվում էր Նահապետի շուրջը, բայց դեռ կես ճանապարհի` նրան հափշտակում է Աբովյանցի Աղասին, հափշտակում