Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/158

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

է Թիֆլիսումը պ. Սարգսի նման, ու մի ակնթարթում գնում է Աշտարակ գյուղումը։ Մեզանից ո՞ւմ խելք ու միտք,ու՞մ սիրտ չէ Հափշտակել Աբովյանցի գրությունը, բայց Պռոշյանցի հափշտակվիլը բոլորովին այլ է։ Ամեն մարդ հիպնոտիզմի ենթարկվելու հատկություն չունի, էլեկտրականությունն ամեն մարմնի միջով հեշտությամբ չի անցնում, կան լավ և վատ հաղորդողներ։ 1859-ին Պռոշյանցն Աշտարակ գյուղից գալիս է Թիֆլիս ուսուցչական պարապմունք գտնելու, ապրում է օրական հինգ կոպեկով, անտուն, անտեղ։ Մի օր դուրսն անձրևից սաստիկ թրջված վազում է իր համագյուղացու Հովհաննես Տեր Հովսեփյանցի բնակարանը: Հովհաննեսը ներս է տանում թռմզկված Պերճին, ոտից գլուխ փոխում է հագուստը, իր ավելորդները հագցնում, նստեցնում է առանձնասենյակում, գնում է նրա առջև մի նորատիպ գիրք և ասում է' «Դու այս գրքով զբաղվիր։ մինչև ես դասերս վերջացնեմ»։ Պռոշյանցը բաց է անում այդ գիրքը և կարդում է... Աբովյանցի գրությունը և կարդում է այդ ահագին գիրքը երկու թե երեք ժամվան մեջ այնպիսի հափշտակությամբ, որ երբ Հովհաննեսը վերադառնում է դասից, Պռոշյանցին վերացած է տեսնում, խոսելով չի կարողանում նրան ուշքի բերել, քաշում է կռներից, կսմտում է, բայց մեր Պռոշյանցը ուշքի է գալիս միայն այն ժամանակ,' երբ գիրքը բոլորովին վերջացնում է. նոր զարթնում է նա ինչպես խոր քնից։ Նույն երեկոյին Պռոշյանցը կրկնում է կարդալը ծայրե ի ծայր, և մյուս օրն սկսում է իր Սոս և Վարդիթերը:

Գուցե ոմանք չափազանցություն համարեն այս դեպքը, այս պատճառով ես հարկավոր եմ համարում Պռոշյանցի մի բացառիկ զարմանալի հատկության վրա դարձնել ընթերցողների ուշադրությունը։ Պռոշյանցը ոչ միայն կարգում, այլև գրում է չափազանց արագ. նրա գրիչն այնքան արագ է շարժվում, ինչպես մի էլեկտրական գործիք։ Ես ինքս վրա հասա Սոս և Վարդիթերը գրելիս, մոտը կանգնած էի լինում միշտ, երբ նա գրում էր նաև Խրիմյան Հայրիկի' Թիֆլիսի եկեղեցիներում տված քարոզները, տեսել եմ նրան և սաստիկ ջերմության մեջ գրելիս այնպիսի արագությամբ, որ մի քանի րոպեյի մեջ ամբողջ թերթեր էր լցնում, բայց իհարկե անկապ և