Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/18

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վերաբերությամբ, որոնց ճաշակի վերա շատ անգամ ինքս ծիծաղում եմ։ Այժմ ես տեսնում եմ, որ դուք եք մեղավորը։ Ձեր ձեռնարկության հետևանքից երևում է, որ հայերը հիմար չեն եղել ձեր ասածի պես, այլ դուք եք հիմար եղել, որ նոցա չեք ճանաչել։ Ես հիմի հավատում եմ այն առածին, որ ասում է` «Մի հրեա յոթը հույնի կխաբի, մի հայ` յոթը հրեայի, իսկ հային յոթը դև միասին չեն կարող խաբել...»։


Ես չվերջացրի իմ գրական հիշողությունս, ըստ որում մեր պարոն խմբագիրը թույլ չտվավ վերջացնելու, թե այդ հերոսի հետ էլի առիթ կունենաք հանդիպելու: Ես բոլորովին համաձայն եմ պարոն խմբագրի հետ։ Հիրավի մեզանում ոչինչ բան միանգամից չի վերջանում, մանավանդ եթե դա մի բանակռիվ է, օրինակ ձեզ պ. պ. Աղայանցի և Արծրունու մեջ ծագած վեճը «չէ՛» և «չի՛» բացասականների վերաբերությամբ։

Պ. Արծրունին, որ իր լեզվի վերա հարձակվողներին ասում է` դուք հիմար եք, միտքը թողած, բառերն եք քննում, այժմ այդ Արծրունին այնպես է կպել «չէի» պոչից, որ էլ չի ուզում դջլվիլ, և փոխանակ խոստովանելու յուր մեկ սուտը, երեք միլիոն սուտ էլ ուրիշ է ասում, որ առաջին սուտը ճշմարտի տեղ ընդունել տա։ Դա ասում է. պ. Աղայանցը իր հաշվից պետք է երեք միլիոնը հանե, ըստ որում տաճկաստանցիք ներկա չունին: Փառք քե՜զ, զկե՜ռ: Բայց գիտեք ինչ կա, երևի պարոն Արծրունին դրականը բացասականի տեղ է ընդունում, ինչպես որ բարեհաճել է ընդունել Աբովյանից բերած օրինակի մեջ։ Հիրավի տաճկաստանցիք դրականի ներկան շփոթել են ապառնու հետ, երր վերջինիս վերա չի լինում դրված` պիտի կամ պետք է, այդ էլ գրականության մեջ միայն, ուր ներկայի կոր մասնիկը տգեղ համարելով` գործ չեն ածում (Այս մասին տես պ. Աղայանցի «Հայկական հնչյունները»...):

Պ. Աղայանցն ասում է` ես հայ եմ և խոսում եմ հայերեն, մի՞թե իրավունք չունիմ այնպես էլ գրելու, ինչպես որ խոսում եմ: Խոսելիս ես ասում եմ «չի գրում, չի տանում» և այդպես