Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/22

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ոչ վնասի համար։ Չարդախլու գյուղումը իմ ուշադրությունս գրավեց մի անծանոթ հող, որով սրված էր մեր հյուրընկալի տան պատերը։ Այդ հողը դեռ հայտնի չէ, ինչպես ինձ ասացին, սրատես գերմանացուն, գյուղացիք էլ նոր են նշմարել իրանց հանդումը։ Այդ հողի փոշին նուրբ և փափուկ է, ինչպես նաշիհ (շարմաղ ալյուր), շոշափելիս թվում է թե յուղոտ է. սպիտակ է, բայց խառն պղնձագույն փոշու հետ, կպչուն է ավելի քան գաջն ու կիրը և դրանով սրված պատը մի գեղեցիկ փայլ է ստանում։ Բացի այս գեղեցիկ հատկություններից մի հրաշալի արտադրություն էլ ունի — դա պարունակում է իր մեջ բրոնզագույն մետաղե բյուրեղներ։ Այդ հողով սրած պատի տակի շաղախից մի բուռը վերցրի հետս, իսկ բյուրեղներից երեք հատ տվավ ինձ գյուղի ուսուցիչ պ. Տեր-Միքայելյանը։ Բայց ինչ կասեք, որ իմ վերցրած շաղախի միջից էլ հետո դուրս եկավ մի ավելի խոշոր բյուրեղ։ Երանի թե սա մի լավ բան լինի։ Եթե հիրավի շահավետ հանք է սա, որի ստուգելը դժվար չէ, խորհուրդ կտայի մեր հարուստներին մշակելու երթալ, միայն այն պայմանով, որ օգուտի մի մասը գյուղի ուսումնարանին հատկացվի և Վոլտոնի պես ժլատություն չանվի։

Ի վերջո մի բան ևս ավելորդ չեմ համարում ասել այս բազմազան հանքերով լիքը երկրի մասին։ Այս երկրի մեջ մի ժամանակ հայերը մի փոքրիկ թագավորություն ունեին Փառիսոսի թագավորության անունով։ Այս մասին մեր պատմիչներից մեզ հասած տեղեկությունը շատ համառոտ է, կցկտուր ու հարևանցի միայն հիշված։ Ուստի և հարկավոր եմ համարում կրկնել պ. Անդրեաս Արծրունու ակնարկությունը դեպի մեր երիտասարդները, որ իրանց հայրենիքի ուսումնասիրությանը ժամանակ չեն նվիրում։ Այդ ուսումնասիրությունը հեշտ բան չէ և ոչ մի մարդու գործ է, հարկավոր է մի ընկերության պես բան: Եթե այդպիսի մի բան գլուխ բերվի, այնուհետև դժվար չի լինիլ մեր պատմության մի քանի էջերն էլ զարդարել Փառիսոսի թագավորության շքեղ հիշատակներով։ Ահա թե ի՞նչ է ասում Ստեփաննոս Ուռպելյանը այդ թագավորության մասին իր ոտանավոր ողբի մեջ, որ ես բերում եմ այստեղ Չամչյանից առնելով.