Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեր դպրոցներն էլ մեծ շահ կունենան դորանից, որովհետև եթե վանքը կարողություն ունենա, Էջմիածինը նորանից մասն կհանե գյուղական ուսումնարաններին։

Ինձ ասողները, թե կա երկաթաքար, այնպիսի մարդիկ են (բացառությամբ հայր սուրբի), որոնց անկարելի է չհավատալ։ Հարգելի պատճառներ կան, և խիստ հարգելի այդ մարդկանց անունը չհիշելու[1]: Բայց, այսուամենայնիվ, ես հույս ունեմ, որ իմ այս գրվածը երբ որ նոցա ձեռքն ընկնի, նոքա առանց իրանց անունն ստորագրելու, իրական փաստերով ցույց կտան վիճելի առարկայի գոյությունը։ Իսկ ես էլ պարապ չեմ մնալ և թույլ չեմ տալ, որ երեխաների ձեռքից հացը խլեն։ Ես ցույց կտամ իրական փաստերով, որ վարդապետի մասին մինչև այսօր գովասանական գրությունները հաց-կատակ և վարձկան մարդկանց գրածներ են — բոլորն էլ ստություններով շաղախած։ Եվ հարկավոր է տպագրությամբ անել այդ բանը, ըստ որում, պաշտոնական գրագրությամբ մեր հայր սուրբի հախիցը չես կարող գալ, նա շատ վարժ է այդ ձևով իրան արդարացնելումը։ Առայժմ այսքան։


1883



ԿԱՄԱՎՈՐ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրեմ մի անկյուն շնորհեք «Մշակի» մեջ՝ իմ հետևյալ կամավոր պատասխանին, որ գրել եմ «Արձագանքի» Ņ 45-ում տպված «Կի՞րք թե բարեխղճություն» հոդվածի առիթով՝

  1. Փիր գյուղի ուսուցիչ պ. Խուցյանցը վարդապետի երեսին ինձ գանգատվեց, որ վախենում է նորանից... Այս բանը իհարկե եթե մի կողմանե ցույց է տայիս վարժապետի վախկոտությունը, մյուս կողմանե էլ ցույց է տալիս, որ մեր անապատական հայր սուրբը փոխանակ սրբությամբ ու առաքինությամբ գրավելու ժողովրդի համակրությունը, անիրագործելի սպառնալիքներով է ուզում ընկճել ամենքին, որով և երկյուղ է հարուցանում ամենի մեջ: Ես չեմ հավատում, որ այս տեսակ մարդու պաշտպանած վանքի շահերը հիմնավոր ու տևական լինին: