Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/26

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ընթերցող հասարակությանը իմ կողմից մի բացատրություն տալու համար։

-Ես ամենևին չեմ վիրավորված պ. Արծրունուց։ Ես ու պ. Արծրունին բանակռիվ ենք ունեցել և փոխադարձաբար միմյանց վերք ենք տվել և վերք ստացել։ Բայց պատճառն ի՞նչ է արդյոք, որ ինչպես մի ժամանակ մեռած «Մեղուն», նույնպես և այսօր հոգևարք «Արձագանքը» պ. Արծրունու երեսովն են տալիս նրա ասածը, իսկ իմ երեսովը չեն տալիս իմ ասածը, որպես թե ես ավելի թեթև հայհոյանքներ լինեի տված պ. Արծրունուն։ Այս մեկ. վրա երկուս՝ ի՞նչ է պատճառը, որ թե՛ «Մեղուն» և թե՛ «Արձագանքը» մեր կռիվը հիշում են միայն այն ժամանակ, երբ միանգամայն հայհոյում են թե՛ Արծրունուն, և՛ թե ինձ։ Այս չի՞ նշանակում արդյոք՝ մի հարվածով երկու նշավակի զարկել և աշխատել որքան կարելի է մեզ երկուսիս միմյանցից հեռու պահել, որովհետև սուր հոտառություն ունեցողները նկատում են, որ մենք երկուսս մի ուղղության մարդիկ ենք, թեև տարբեր լեզվով ու տարբեր մեթոդով։ Պարոն Արծրունին այն անձինքներիցն է, որոնք ասում են՝ «Որ ոչ սերմանէ ընդ իս, ցրուե»։ Այդպես են բոլոր մոլեռանդ վերանորոգիչները, վերանորոգության կոչված բոլոր մարդիկը։ Առեք նրանցից այդ մոլեռանդությունը, այդ հավատը, որ ունեն դեպի իրանց անձը, իրանց գործը և նրանք կընկնեն անգույն կամ խայտաճամուկ քամելեոնի պես ամեն գույն ցույց տվող բանասերների կարգը։ Կուզեք բարձրացեք մինչև երկինք, կուզեք իջեք մինչև անդունդ, եթե հավատ չունեք ձեզ վրա, ձեր ասածի, ձեր գործի վրա, եթե ոտից մինչև գլուխ շինովի եք, կեղծ եք, մի կոպեկի արժեք չունեք։

«Մշակը» իր ծնունդ առնելու օրից սկսած, իբրև մի մոլեռանդ քարոզիչ՝ խարազանը ձեռքին՝ մտավ գրականության տաճարը և անխտիր լավին էլ, վատին էլ սկսեց դուրս վռնդել, ասելով՝ իմն է այսուհետև այս ասպարեզը, ոչով իրավունք չունի ձայն, ծպտուն հանելու։ Հանգամանքն այնպես էր, որ այսպես էլ պետք է աներ։ Նա հալածեց բոլոր սադուկեցիներին և փարիսեցիներին և այլն։ Նա պաշտպան հանդիսացավ բոլոր իր զինվորներին, զինվորակիցներին, նա հրահանգներ էր տալիս իր բոլոր գործակիցներին,