Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աշխատակիցներին և թղթակիցներին: «Գրեցեք», «հսկեցեք», «մի ի՜նչ-որ», «ո՛վ է նա» և իր գործը առաջ էր տանում իբրև քաջամարտիկ զորապետ։

Բայց ի՞նչ էր անում այդ ժամանակ պ. Հովհաննիսյան։ Նա էլ սկսեց իր «Փորձը»։ Հրավիրեց նվաստիս իբրև իրան օգնական, իբրև քարտուղար և սրբագրող և սկսեց գրականության մեջ փորձվել իր փորձով և ինձ ձգել փորձանքի մեջ։ Դուրս եկավ «Փորձի» առաջին հատորը, մի հաստափոր բան։ Պատահմամբ հանդիպեցա պ. Արծրունուն «Մշակի» խմբագրատանը և նա սկսեց պախարակել «Փորձի» լեզուն։ Իսկ լեզվի պատասխանատուն ես էի։ Սրա վրա մենք սկսեցինք տաք֊տաք վիճել. ես պախարակեցի «Մշակի» լեզուն, նա՝ «Փորձի»։ Մյուս օրը «Մշակ»-ի մեջ մի առաջնորդող դուրս եկավ «Ով է Աղայանցը» վերնագրով։ Սրանից սկսվեցավ մեր բանակռիվը։ Եվ մինչդեռ ես և պ. Արծրունին այնքան էինք զայրացել, որ քիչ էր մնում, ինչպես ասում են, «իրար արյուն խմենք», պ. Հովհաննիսյանը նույն պ. Արծրունու հետ անեկդոտներ ասելով բարեկամություն էր անում։ Ի՞նչ կասեն այս արարմունքին առնվազն՝ եթե ոչ դավաճանություն։ Դավաճանեց պ. Հովհաննիսյանը իր քաջամարտիկ զինվորին փոխանակ նրան պաշտպան հանդիսանալու, կոտրեց նրա սիրտը, մեռցրեց նրա եռանդը։ Այսպիսի բան Արծրունին երբեք չէր անի նույնիսկ իր վերջին թղթակցի հետ։

Դավաճանեցիք և դեռ հանդգնում եք դուք տասներկու տարի անցած կրկին նորոգել սրտիս վերքերը. դուք, որ ձեր նոր թերթի մեջ Աղայանցին շինում էիք բրուտի քաղցած շուն, Աղայանցին համարում էիք Վասակից և Մեհրուժանից էլ վատթար հայ, դուք, որ այսօր Աղայանցի, ինչպես ասում են, արյան վերջին կաթիլը ծծել եք, և ինչո՞ւ համար արդյոք, միայն Աստծուն է գիտելի։ Եվ ի՞նչ խոսեցիք ինքներդ «Արություն և Մանվելի» մասին,— «դիրքը տգեղ է, գինը թանկ է»... Հազա՜ր ամոթ։

«Աբգարի մթնոլորտում ես չեմ կարող ապրել,— ասաց մեկ օր ինձ մեկը,— նա ինձ համարում է իբրև մի լիմոն. նա շուտ-շուտ փոխում է իր պայմանը, պակասեցնում է տողագինը»...