Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/28

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Քո հախն է,— ասացի ես,— ով որ քեզ չէ ճանաչում, ես հո ճանաչում եմ։ Պ. Արծրունին քեզ մինչև երկինք բարձրացրեց, բայց պ. Հովհաննիսյան քեզ այդ բարձրությունից վայր կգլորի...

Խոսքս Րաֆֆիի մասին է։ Այս մարդը մեռավ հենց այն ժամանակից, երբ հեռացավ Արծրունուց։ Դրանից հետո նա նոր բան չարտադրեց՝ արտադրածն էլ տողը երեք կոպեկով ծախեց «Արձագանքի» վրա, դժբախտաբար վերջը այդ գինը հասավ մի կոպեկի, թե էլ էժան,— չգիտեմ. այդ պ. Հովհաննիսյան ինքը լավ գիտե... Եվ ուրիշ ի՞նչ կարող էր անել Տելեմակն առանց Մենտորի, Ֆաուստը առանց Մեֆիստոֆելի...

Դառնալով ձեզ, պ. Արծրունի, կասեմ։ Հազար անգամ լավ է ազնիվ թշնամի ունենալ, քան վատ և ապերախտ բարեկամ։ Այսօր ձեր հակառակորդները իմ էլ հակառակորդներն են։ Ես իմ ձեռքս մեկնում եմ ձեզ և կհուսամ, որ դուք ձերը չեք մերժիլ։ Իբրև նշան հաշտության, սրա հետ ուղարկում եմ ձեզ իմ մի նոր վեպը «Սերը արտաքսված» վերնագրով և խոսք եմ տալիս՝ ազատ ժամանակս «Մշակին» աշխատակցությանը նվիրել, խնդրելով միայն, որ իմ լեզուն չփոփոխվի։

1888



ԵՐԿՐՈՐԴ ԿԱՄԱՎՈՐ ՊԱՏԱՍԽԱՆ


Իմ և պ. Ա. Հովհաննիսյանի մեջ ծագած բանակռիվը շատ կարևոր հանգամանքներ պիտի պարզի։ Սուտ չի ասված, թե՝ «Նախ հիմարացուցանե և ապա կորուսանե»։ Աստված տա միայն, որ պ. Հովհաննիսյանը վատաբար չփախչի կռվի դաշտից մինչև իր կատարյալ անկումը չտեսնի։

Այս անգամ պիտի ցույց տամ ծոցումս եղած փաստերով, որ «հայոց ազգի կատաղի թշնամիների» վրա կատաղաբար հարձակվողն ինքը՝ ամենից կատաղին է:

Սկսենք «երկանց սկզբից»։ Մի բանակ կար մի ժամանակ, մի «Ղալաթիո օջախ», որին թե՛ ես և թե՛ պ. Հովհաննիսյանը