Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/29

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ատում էինք առ ի սրտե։ Կար և մի ուրիշ բանակ, բանակ «Մշակի», որի մեծ բարոյական ուժը խոստովանում էինք երկուսս էլ, և պ. Հովհաննիսյանն ավելի, քան թե ես։ Վերջը՝ պ. Հովհաննիսյանը դավաճանեց իր սկզբունքին, որ գուցե առաջուց էչ չուներ, այլ միայն ինձ էր հավատացնում, որ ունի և անցավ մեր երկուսի էլ ատած բանակը, դարձավ նրանց պարագլուխ, ինչպես արդեն տեսնում են բոլոր հայ ընթերցողները։ Այս է պ. Հովհաննիսյանի պոլիտիկան, որի պես բոլիդիգ (ինչպես գրում է «Արձագանքում») Աղայանցը երբեք ունեցած չէ, այլ միայն տեսնելով պ. Հովհաննիսյանի դավաճանությունը՝ անցավ այն բանակը, որին առաջուց էլ համակրում էր,— համակրում էր նրա սկզբունքին, ուղղությանը և ոչ մասնավոր թերություններին, որից ով որ ազատ է՝ թող նա քար վերցնե։ Շատ մարդիկ են երկաթուղու տակն ընկնում, ճխլվում, շատ շոգենավեր են կործանվում օվկիանոսի վրա, բայց եթե այս մասնավոր վնասներով չխոստովանեինք շոգեշարժի օգտակարությունը, կվերանային երկաթուղիները։ Բայց դուք, պ. Հովհաննիսյան, փախա՞ք, թե՞ չփախաք «Մշակի» մղած պատերազմից. ինչո՞ւ սրա պատասխանը չեք տալիս, եթե դուք ազնիվ մարդ եք և խույս չեք տալիս նույնիսկ բանակռվի գլխավոր նյութից, սկզբունքից։ Անվանե՞լ եք ինձ Վասակից և Մեհրուժանից էլ վատթար հայ, թե ոչ, շինե՞լ եք ինձ բրուտի քաղցած շո՞ւն, թե ոչ։ Ահա սրանց պատասխանը տվեք, մի՛ փախչեք վատաբար։ Սալոնական բթախոսությունները գրականության մեջ չեն անցնիլ։

Եվ ինչո՞ւ է քաղցած շուն Աղայանցը, ո՞վ է կտրել նրա հացը. միթե նա ծույլ է, չի աշխատում, մի՞թե չունի այնքան գրավոր աշխատություններ, որոնցով կարողանար ապրել։ Այս հարցերը շատ հետաքրքրական են ամեն հայի, ամեն բանասերի համար, գրականության ամեն մի մշակի համար։

«Արձագանքի» խեղկատակ Մախլասը, չկարողանալով մարսել իմ արած այրական ազնիվ քայլը, սկսել է սաստկացնել իմ դեմ իր ծամածռությունները։ Ասում է՝ «պ. Աղայանցին մենք ճանաչել ենք իբրև շնորհալի վիպասան (տեսնո՞ւմ եք, մարդը չի ուրանում Աղայանցի արժանավորությունը) և անշնորհք հրապարակախոս» (ուղիղ է ասում մարդը.