Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/31

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բայց դառնանք գլխավոր խնդրին։ Ով է շահվում Աղայանցի դասագրքերից։ Իմ «Ուսումն մայրենի լեզվի» դասագրքերը (երեք գիրք) պ. Ա․ Հովհաննիսյանի «կենտրոնական» ասված գրավաճառանոցում գրավ են դրված տասը տարի ժամանակով 1,500 ռուբլու։ Այս գումարի համար ես վճարում եմ հարյուրին 10 տոկոս։ Գրքերն իրանք են տպագրում իրանց ծախքով և ինձ վճարում են յուրաքանչյուր մի հազար երկու հարյուր գրքի համար հիսուն ռուբլի, որից 25 ռուբլի վերցնում են դրամագլխի և տոկոսի համար, իսկ ինձ մնում է 25 ռուբլի։ Որպեսզի բանը պարզ լինի, համարենք թե ոչինչ պարտ չեմ. որովհետև իր փողը ես վճարում եմ իր տոկոսով։ Ուրեմն նա ինձ տալիս է մի հազար երկու հարյուր գրքի համար 50 ռուբլի, կամ յուրաքանչյուր օրինակին 4 կոպեկ։ Եթե գիրքը արժե 40 կոպեկ, նրանից ես ստանում եմ 4 կոպեկ, իսկ պ. Աբգարը 36 կոպեկ։ Դուրս գանք այդ գումարից 10 կոպեկ տպագրության վարձ, տեղը կմնա 26 կոպեկ։ Ուրեմն ես ստանում եմ 4 կոպեկ, իսկ պ․ Ա. Հովհաննիսյանը իմ յուրաքանչյուր գրքից քսանը վեց կապեկ: Եվ այս նրա համար, որ փող է պարտք տվել շահով։

Պիտի ասեք, այդ կամքի բան է, կարող էիք չտալ։ Շատ լավ, բայց հեղինակին ո՞վ կհավատա, ո՞վ պարտք կտա բացի գրավաճառից, որ գիտե թե կարող է տալ թե ոչ։ — Ինչո՞ւ էիք տալիս։ — Տվի նրա համար, որովհետև պարտքատերերս խեղդում էին ինձ։

Իսկ ինչ որ կվերաբերի փղշտացի ախոյանիս ծակ մարգարեությանը, նրան կպատասխանե Սամփսոնը իր պաշտպան զենքով — իր ճշմարիտ գիտությամբ։

Առայժմ այսքան, և մի փոքր համբերություն..․

1888


ՁՐԻԱԿԵՐՈԻԹՅՈԻՆ

«Աղբյուրի» խմբագրությունը նոր անցած տարին իր մեծ հայտարարությամբ պահանջեց հասարակությունից, որ 3000 բաժանորդ տա «Աղբյուրին», որպեսզի խմբագրությունը հնար