Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ունենա շքեղացնել ավելի ևս նրա բովանդակությունը և սաստկացնել նրա կրթական ուժը, որի մեջ մեծ կարոտություն ունի Ժամանակակից հայ մանկտին։ Ահավասիկ խմբագրությունը կատարում է իր խոստումը։ Թող այս առաջին համարը օրինակ լինի:

Բայց հասարակությունը դեռևս կատարած չէ իր պարտավորությունը։ Ճշմարիտ է, բաժանորդագրությունը լավ է հառաջ գնում և երիտասարդ խմբագրի ուրախությանը չափ չկա, բայց ես դեռ գոհ չեմ։ Նա ուզում է երեք հազար բաժանորդ, իսկ ես ասում եմ, որ այդ թիվը շատ փոքր է։

Ժամանակը շատ կարճ է, ազնիվ ընթերցողներ, իսկ կատարելու այնպիսի գործեր կան, որոնց հետաձգել կարելի չէ առանց մեծ բարոյական կորուստի և վնասի։ Հարկավոր է գործել ոչ միայն արագ-արագ, այլև առատ-առատ: Հարկավոր է ընթերցողների, բայց ազնիվ ընթերցողների մեծ առատություն։ Պիտի ասեք` մի՞թե կան և անազնիվ ընթերցողներ։ Այո՛, կան, և շատ է նրանց թիվը: Ինչքան որ մեղք է և անազնվություն գրական գողությունը, գրական չարչիությունը, գրական շանտաժը, նույնքան և առավել ևս մեղք և անազնվություն է ձրիակեր լինելը։ Այս ևս գողություն է և չար, քան զգողությունը։ Եթե մեկը չքավոր չէ և հնար ունի տարեկան երեք մանեթ վճարելու մի ամսագրի, բայց չի վճարում և կարդում է ձրի, այնպիսին մի ցեց է, մի ուտիճ, մի բրետ։ Ի՞նչ կլինի մի գրականության վիճակը, եթե ամենքն էլ ձրի կարդալ ուզենային, փոխանակ մեկենաս լինելու, փոխանակ չքավորների համար էլ ստորագրվելու, թող մեկ օրինակ երեք հոգվով, 10 հոգվով ստանան, բայց սովորեն փող վճարել գրական մշակին, զգան, որ դա ևս մի պտուղ է, որ մեծ աշխատանքով և խնամքով է հասցրած, և ոչ երկնքից իջած մի մանանա։

Հայերիս մեջ կարդալու մեծ փափագ կա, բայց ձրի։ Ձրիակերությունրը՝ քելեխ ուտելուց սկսած մինչև ձրի որդեգիր լինելը և մինչև համալսարան անգամ գնալը, շատ տարածված է[1]: Ամեն մի գիշերօթիկ եղած աշակերտ կյանքի մեջ

  1. Ես կարող եմ մատնացույց լինել շատ հարուստների վրա, որոնք ուսանող ժամանակ այնքան աղքատ էին, որ ուսանողական դրամարկղի հաշվով էին ուսում առնում, բայց ձրիակեր լինելով' այժմ իրանց հարստությունից մի կոպեկ չեն ուղարկում նույն դրամարկղին, որ մոր պես խնամել է իրանց: Կհիշեն հին ուսանողները, որ ես ասում էի' իզուր եք տալիս, մի' տար, և այս խոսքի համար ինձ բարբարոս էին համարում, մի ուսում, որ չարչի դաոնալու համար է ստացվում, օժանդակության արժանիի չէ։