Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/35

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԿՆՈՋ ԿՈՉՈՒՄԸ

Ա

Կնոջ կոչումն է լինել մայր։ Կինը մայրական սիրտ պիտի ունենա ոչ միայն դեպի իր զավակները, այլև դեպի ամեն մարդ։ Ամեն գործում, ամեն քայլափոխում պիտի երևա, որ նա մի գթասիրտ, մի բարի և առաքինի մայր է։ Ինչ որ վատ է, կոշտ է, տգեղ է, անիրավ է, անգութ է, բնավ երբեք հարմար չէ և ոչ վայելուչ կին սեռին։ Կանայք ի բնե այսպես են, և ինչպես որ մի առանձին հակումն ունին դեպի արտաքին զարդարանքները, նույն հակումն ունին և դեպի այն ամենը, ինչ որ գովելի է, սիրելի է, հարգելի է, այսինքն՝ դեպի հոգեկան զարդարանքները։ Իհարկե, այս ամենը լինում է ժամանակի հասկացողության համեմատ, բայց ինչ ժամանակ էլ որ լինի, կինը միշտ բարվո և գեղեցկի կողմն է հակվում ավելի շուտ, քան թե տղամարդը, որ եթե մի բարի բան է անում, այդ էլ լինում է դարձյալ կնոջ շնորհիվ։ Այս ամենը հայտնի են ամենքին, բայց մի բան կա, որ մենք իբրև նոր բան պիտի հաղորդենք մեր աշխարհի փափկասուն տիկիններին։