Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/36

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կինը ինչպես որ սիրում է իր զավակին, նույն մայրական սերը պետք է տարածե և իր ամուսնու վրա։ Այս ևս բնականապես այսպես է լինում, բայց ոչ գիտակցաբար։ Շատ քիչ այր և կին ամուսիններ կգտնվին, որ իմանան, թե այր ամուսինը նույնպես մի մանուկ է կնոջ սիրուն և գթությանը կարոտ։ Շատ հազիվ կպատահի, և գուցե երբեք էլ չպատահի, որ այր ամուսինը չսիրե իր կնոջը, եթե վերջինս մտերիմ լինի իր մայրական սիրո մեջ դեպի ամուսինը։ Մենք տեսնում ենք շատ անգամ, որ նորահարս ամուսինը ինքն է ձևանում երեխա և ցանկանում է, որ նորափեսան նրան փայփայած պահե։ Այս մեծ սխալ է և աններելի։ Այր մարդը երբեք մայրություն անել կարող չէ, այդ հատկությունը կնոջն է հատկացրել բնությունը։ Զավակի բարոյական կրթության պատասխանատուն մայրն է. եթե բարոյակիրթ է զավակը, փառք և պարծանք նրա մորը, իսկ եթե չարակիրթ է,— սուգ և տրտմություն մորը։ Այսպես էլ ճիշտ — եթե մեկ մարդ ամուսնանալուց հետ ազնվանում է, փառք և պարծանք նրա կնոջը, իսկ եթե անազնվանում է, անբարոյականանում — ամոթ և նախատինք նրա կնոջը։ Թող ամեն կին փորձե մայրական սեր և հոգս տածե դեպի իր ամուսինը և կտեսնե իր արարքի հրաշալի ներգործությունը։ Բայց ավելի լավ է, որ այս բանը նախքան ամուսնանալը գիտենա, գիտենա, թե որպիսի ոք է իր բարոյական կրթության առարկան, կամ զգո՞ւմ է արդյոք իր մեջ բացի կնոջ կենդանական սիրուց, այլև մայրական սուրբ սեր։ Ո՛ր կնոջ մեջ որ չկա այս սերը, թշվառ կլինի ինքը, թշվառ կլինի և նրա ամուսինը, թշվառ կլինի և ամբողջ գերդաստանը։ Կինը պետք է լինի մայր, ինչպես իր զավակի համար, նույնպես և իր ամուսնու։

Կնիկ կամ կին կյանք ասել է։ Գոնե հայոց լեզվում այսպես է։ Ադամը Եվային տեսնելով ասում է Մայր Մաշտոցի լեզվով՝ «Սա եղիցի ինձ ի կեանս», որ կնշանակե սա ինձ համար կլինի կյանք։ Եթե այո այսպես է միայն հայոց լեզվի մեջ,