Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/37

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուրեմն փառք և պատիվ մեր պապերին, որ կնոջը ԿՅԱՆՔ են համարել, որ և հարմար է գալիս կնոջ բնական կոչմանը:

Հարազատ մոր հատկությունը միայն այն սիրալիր փայփայանքը չէ, որ տարածում է ամբողջ գերդաստանի վրա, այլև նրա տանտիկնությունը, ժրությունը, տնտեսությունը, չափավորությունը, խնայողությունը, և որ մեծն է ամենից, աշխատասիրությունը։ Ինչ ծնող որ պարապությունն է ավելի սիրում, քան աշխատելը, այնպիսին թող չհուսա, որ կամ լավ զավակ կունենա, կամ լավ ամուսին։ Դատարկաշրջիկ և խաղամոլ կինը մի ցեց է թե իր տան և թե հասարակության համար: Թող ունենա միլիոն կարողություն, եթե նա պարապություն է սիրում, փախչում է ձեռքի ու մտքի աշխատանքից և դատարկաբանության ու պճնասիրության մատնում իրան, այնպիսին երբեք երջանկություն ճաշակել չի կարող։ Մարդկային սեռի երջանկությունը նրա երեսի քրտինքի մեջն է։ Երեսի քրտինքով կերած նույնիսկ ցամաք հացը երկնային մանանայի համ ունի։ Շատ փող ունեցիր, ով է ձեռքիցդ խլում, բայց դրանով երջանկություն չես կարող գնել, շնորհք և ձիրք չես կարող գնել, գիտություն և արվեստ չես կարող գնել,— դրանք այնպիսի բաներ են, որ ինքդ անձամբ, քո երեսիդ քրտինքովը միայն կարող ես ձեռք բերել:

Վերջապես սիրո աղբյուրը կնոջ մեջն է և ոչ տղամարդի: Տղամարդը կարող է ծարավիլ, փափագիլ այդ աղբյուրին և զովանալ, ինչպես մի մանուկ, որ կարոտում է իր մայրական կաթին, բայց տղամարդն ինքը ինչպես որ կաթ տալու ծծեր չունի, նույնպես չունի և սիրո աղբյուր։ Ուրեմն տան մեջ թագավորող սերը բխում է մորից, այլ ոչ հորից, հայրը նույն սիրո մեջ լողացողներից մեկն է։ Սրանցից կարող եք գուշակել, թե որքան մեծ է կնոջ կոչումը, բայց և որքան դյուրին է, որովհետև ինչ որ բնական է, նա և դյուրին է։ Սիրալիր մայր լինելը կնոջ բնական կոչումն է։ Սիրալիր մայր չեղողը սիրալիր ամուսին լինել չի կարող։