Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/40

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թե սալոպով աղջիկ-պարոն

Կու գա՝ թող ներս հրամայե,

Թե ղաթիպով պառավ ձալոն

Հարցնե՝ կոսին տանը չէ։

1890


ԳՐԻԳՈՐ ԱՐԾՐՈԻՆՈԻ ԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԳԻՆ

Ա

Գրիգոր Արծրունին, իբրև հրապարակախոս և խմբագիր, հայոց գրականության մեջ մի բարենշան երևույթ է։ Նա լինելով Գևորգ աղայի թոռը և գեներալ Երեմիա Արծրունու որդին, «սնված ու գրկված շքեղազարդ բազմոցների և գահավորակների մեջ», հանկարծ դուրս է գալիս այդ փափուկ կյանքից և իր անձը նվիրում է ամենաչարքաշ և սրտամաշ պարապմունքի, այն է՝ հայկական գրականության, որին ծառայելը հավասար է այն տանջանքներին, որ մի ժամանակ հայերը կրում էին Ապար աշխարհում։

Ստորին աստիճանից դեպի աշխարհային բարձր աստիճանի ձգտելը ամեն մարդու բնական է, և շատերի էլ միակ իդեալն է, բայց բարձր աստիճանից խոնարհիլ և մտնել ստորին կարգերը՝ նրանց բարձրացնելու մտքով,— ահա այս հատկությունն է, որ այնքան կբարձրանա և կհասնի երկինք, որքան դեպի պատմության հնությունը երթանք։ Այսպիսիներին ժողովուրդը միշտ պատվել և պաշտել է։

Մի անգամ գրական-հասարակական ասպարեզ մտնելով, պ. Արծրունին գրավում, բռնում է այդ հրապարակը, և բռնած ունի ահա քսանհինգ տարի քաջությամբ, ազնվությամբ և փառքով։ Նրան այդ ասպարեզը գրավել են տվել իր բնական ընդունակությունը, բարձր զարգացումը, բազմակողմանի դրական կրթությունը, նուրբ ճաշակը, մշակված տաղանդը, շարունակ ինքնակրթվիլը, և, որ մեծն է ամենից, այն անկեղծ հավատն ու սերը և անձնվիրությունը, որ ունի դեպի իր դրական գործը,