Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/42

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բ

Երբ տեսնում ենք, որ երկու մարդ իրար օձիքից բռնած վիճում են, մեկը պնդում է, որ արեգակ կա, մյուսն ասում է — չկա, այստեղ աչք ունեցողները տեսնում են, որ վիճողները տարաբախտություն ունին աչքի լույսից զուրկ լինելու։ Իրավի, կույրերը իրար հետ վիճում են շատ այնպիսի առարկաների մասին, որով միայն տխրություն են բերում տեսնողների վրա։ Այսպիսի վիճաբանություն լինում է և մտավոր կույրերի մեջ, այն զանազանությամբ միայն, որ աչքով կույրը տեսանելի առարկայի մասին չի վիճում աչքով տեսնողի հետ, բայց մտավոր կույրը, խավարամիտը հանդգնություն ունի վիճելու լուսամիտ մարդու հետ։

Այս հանգամանքի հետևանքն են բոլոր այն վեճերը, որոնք մերթընդմերթ այս և այն լրագրի կողմից եղել են «Մշակի» դեմ։ Չենք կարող ասել, որ այդ վեճերի մեջ «Մշակը» միշտ անսխալ է եղել, բայց կարող ենք ասել, որ միշտ անկեղծ է եղել և լուսամիտ։

«Մշակը» միշտ պաշտպանել է ամեն հայ հասարակության և համայնքի, ինչ կրոնի էլ պատկանած լինին նրանք, որովհետև «Մշակը» մի կրոնական թերթ չէ, այլ տնտեսական և կենցաղավարական, և ինչ ասել կուզի, որ այդ խնդիրների վերաբերությամբ բոլոր ազգաբնակչությունը, ինչ ազգության և կրոնի էլ պատկանեին, պետք է համերաշխ լինին միմյանց հետ։ «Մշակը» միշտ հայի թույլ կողմն է ուզեցել զորացնել և այս կարելի չէ ուրիշ ձևով, այլ միայն ասելով' թե այն, որ դու ոչինչ ես համարում, նույնքան սուրբ է, որքան և այն, որ դու սուրբ ես համարում։

Գ. Արծրունին չի մոռացել ամենից մոռացված հայերին օտար տեղերում և նրանց հարստահարելու դեմ միշտ բողոք է բարձրացրել, որով քիչ հույս և խրախույս չի եղել բարոյապես և ֆիզիկապես ընկճվածներին։ Նրա այս պաշտպանության դեմ ևս եղել են հարձակվողներ, բայց մրմնջոցը ժողովրդի կաշին է և նա շատ լավ է զգացել, որ «Մշակը» ժողովրդի սրտիցն է ջուր խմում։

Այսպես պ. Արծրունին մի կողմից կրթելով ժողովրդին,