Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/44

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՄԵԾ ՄԱՐԴԿԱՆՑ ՄԱՍԻՆ

(Ե. Ղ. «Քննական հայացքի» առիթով)

Մեր այն նորահաս երիտասարդները, որոնց հոգեբանական աշխարհը դեռևս անկազմ և անպատրաստ է, փորձառությունը՝ մանուկ, կարող չեն մեծ մարդկանց մասին ուղիղ գաղափար կազմել։ Այս գործում նրանց օգնելու համար պիտի մատնացույց լինեմ մի օրենքի վրա, որ տիեզերական է և անսխալ։ Կիրք ասածդ ոչ այլ ինչ է, եթե ոչ հայտնի զգացմունքների շարժումն, իսկ շարժումը մեծի մեջ մեծ է, փոքրի մեջ փոքր։

Որքան որ մի անհատ օժտված լինի բարձր ընդունակություններով, այնքան խոշոր կլինին և նրա կրքերը։ Հոգով հսկաները հսկայական կքեր կունենան, իսկ թզուկները՝ թզուկի։ Այլ է առյուծի կատաղության մեծությունը և այլ՝ կատվի։ Փոքրիկ լիճը որքան էլ փոթորկվի, կարող չէ օվկիանոսի լեռնաչափ ալիքներ բարձրացնել։ Մի անոթ այնքան հեղուկ կարող է բովանդակել իր մեջ, որքան նրա ներքին ծավալն է․ մի հատիկ ավելի կաթիլը նրան կտրաքացնե։ Մանր դերասանները կարող չեն խոշոր մարդկանց խոշոր կրքերը իրանց մեջ տեղավորել, դառնալ նրանց ուղիղ պատճենը։ Մանր գրչակներ կարող չեն խոշոր անձնազորություններ ներկայացնել իրանց ստեղծագործությունների մեջ։ Ստեղծողը մոտավորապես իրանից մեծ բան ստեղծել կարող չէ։ Մանր կրիտիկոսները խոշոր աշխատություններ քննադատել կարող չեն։ Շեքսպիրը նրանով է մեծ, որ կարողացել է խոշոր մարդկանց խոշոր կրքերի օվկիանոսումը լողալ ամենայն դյուրությամբ և հաջողությամբ։ Կոլումբը նրանով է մեծ, որ կարողացել է օվկիանոսի կատաղի ալիքները ոտնատակ տալ և անցնել նրանց վրայով դեպի այն կետը, ուր մղում էին նրան իր մեծ հոգու մեջ փոթորկվող ավելի խոշոր ալիքները։

Անհատի մեծությունը երևում է նրա կրքերի խոշորությունից, որոնցով կատարում է մեծամեծ գործեր։ Այդ կրքերը կարող են լինել և՛ առաքինական, և՛ մոլեկան։ Պետք չէ կարծել, թե մեծ մարդիկը լինում են միակողմանի ազնիվ, անարատ, սուրբ, լուսավոր, ոչ փառասեր, ոչ նախանձոտ, ոչ ամբարտավան, ոչ ինքնահավան և ինքնապաշտ։ Ոչ։