Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/46

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Արդյոք մի բան չե՞ս ուզիլ ինձանից»։ «Այո՛, ասաց Դիոգենեսը, կխնդրեմ, որ արևիցս հեռու կենաս, շվաքդ հեռացնես ինձանից»։ Այս միևնույն է թե ասել՝ убирайся к чорту! Ուրեմն պակաս փառասեր և ինքնահավան չէր Դիոգենեսը, եթե մեծ մարդ չլիներ, Աղեքսանդրը չէր ասիլ. «Եթե ես Աղեքսանդըր չլինեի, կցանկանայի Դիոգենես լինել»։

Սխոլաստիկ գաղափարով մեծացած անձինք, որոնք թաքցնել գիտեն իրանց ներքին աշխարհը փարիսեցոց նման, խրտնում են «փառասիրություն» բառից, այդ կիրքը համարելով մի մոլություն, մինչդեռ դրա մեջ պարունակված է առաջ մղող հսկայական ուժ։ Եթե մեկը ձգտում չունի փառք ու պատիվ ձեռք բերելու, նրա աչքին թքիր, դեն արա, էլ ինչացո՞ւ է։ Ո՞ր ծնողը կուզենա հոգով մեռած զավակ ունենալ։ Ինչքա՞ն բթամիտ պիտի լինի մի դաստիարակ, որ իր սաների մեջ փառք ու պատվի զգացմունք չզարթեցնե։

Փառասիրությունը մի հարազատ և անբաժան եղբայր էլ ունի, որի անունն է նախանձ: Ահա մեկ բառ, որից նույնպես խրտնում են շատերը, լավ չիմանալով նրա բուն էությունն ու գործադրությունը։ Պետք է մի անգամ ընդմիշտ իմանալ, որ բնությունը մեր ոչ մարմնում և ոչ հոգու մեջ ոչ մի ավելորդ բան չի դրել։ Մեր ամեն մի հյուլեն իր գործն և նշանակությունն ունի։ Պետք չէ նրանց գործելու առաջքն առնել, այլ՝ առաջնորդելու է դեպի բարին։ Միևնույն ձեռքով և բարիք են գործում, և չարիք, միևնույն ոտքով և բարի ճանապարհով ենք գնում, և չար։ Մեր ներքին շարժումները որքան էլ չար լինին, եթե զրկված լինին գործելու զենքից, նրանք կմնան լոկ ցանկություն կամ իսկի ցանկություն էլ չի լինիլ այլևս: Եթե հույս չունենամ իմ ձեռքի ուժի վրա, որ այսինչ բանը կարող եմ կատարել, չեմ էլ ցանկանալ։ Արտաքին և ներքին շարժումները այնպես սերտ կապակից են միմյանց հետ, որ առանց փոխադարձ օգնության կչեզոքանան։ Կան մարդիկ, որ իրանց ներքինացնում են։ Արհեստական կերպով մարդ կարող է իրան զրկել շատ և շատ կրքերից, բայց այնուհետև նա այլևս չի լինիլ և ոչ իսկ փոքր մարդ, ուր մնաց մեծ, որի մեջ մարդկային բոլոր կրքերը պիտի փոթորկվեն ծովի ալիքների նման։