Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/47

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Փառասեր լինել և նախանձոտ չլինել անկարելի է։ Ինչո՞ւ։ Նրա համար, որ ոչ մի փառասեր մարդ իր փառքն ուրիշին չի տալ։ Մեկն իր համար փառք է համարում իր ձեռքի տակ ունենալ Բիսմարկի պես մի մեծ մարդ։ Գիտե, որ Բիսմարկն ինչքան էլ որ մեծ է, բայց ինքը նրանից ավելի մեծ է և նրա հովանավորողն ու պաշտպանողն է։ Մի ուրիշը միևնույն Բիսմարկին հեռացնում է իրանից, որովհետև զգում է, որ ինքն ընկնում է նրա ստվերի տակ, իր փառքը չի ուզում նրան տալ։

Նախանձոտ լինելու համար մարմնական թերությունները անհրաժեշտ պայման չեն։ Գլխավոր պայմանը փառասիրությունն է։ Արտիստները, որոնք սովորաբար օժտված են լինում մարմնական բարեկազմությամբ, լինելով սաստիկ փառասեր, ծափահարության գերի, սաստիկ էլ նախանձոտ են լինում։ Ոչ մի արտիստ չի ուզում, որ մյուսն իրանից ավելի փառավորվի։ Մեծ արտիստները իրանց շրջապատում են հասարակ դերասաններով, իրանց հավասարի հետ գործ ունենալ չեն կարող։ Դրանք թափառում են սովորաբար միայնակ, ինչպես առյուծները Աֆրիկայի խորերում։ Ասել ավելորդ է, որ նախանձ տածել կարելի է դեպի իր նմանակիցը (մի գեղեցկուհի մյուս գեղեցկուհուն), արվեստակիցը, կոչումնակիցը, աստիճանակիցը։ Գրողը գրողին կնախանձի և ոչ դերասանին...

Որքան մեծ է անհատի մեջ փառավորվելու հակումը, այնքան նա հակառակ կլինի, որ մի այլ ոք իր չափ կամ իրանից ավելին փառավորվի։ Երևակայեցեք մի շրջանի մեջ երկու հավասար մեծության փառասեր մարդկանց և կտեսնեք, որ նախանձը նրանց մեջ մի այնպիսի հրեշի կերպ ունի, որ օձը նրա մոտ մի ողորմելի և բարի արարած է։ Միջակ մեծության մարդկանց մեջ, ինչպես Շիրվանզադեի Դիմաքսյանի նախանձը կարող է մի օձ լինել, իսկ Բարաթյանի մեջ մի սոլիտեր, բայց խոշոր մարդկանց մեջ նախանձը մի սոսկալի հիդրա է բազմագլխանի։ Միևնույն փառքին հասնելու համար երկու զորեղ մրցողներ անխտիր կատարում են ամենայն տեսակ եղեռնագործություն։ Այդ մրցողները եթե մորուքավոր են, միմյանց մորուք են քերծում։ Պատմությունը ցույց է տալիս մեզ, որ ամենամեծ մարդիկը գործում են և ամենամեծ խայտառակություն, և չարազործություն: