Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/48

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մեծն Աղեքսանդրը իր փառքի կատարին հասնելով այնտեղից սկսեց բարոյապես գլորվել դեպի ցած և ցած մինչև ինքն իրա գլուխը կերավ։ Ինչ հիմարություններ ասես որ չարավ։ Մեծ մարդիկը եթե միևնույն ժամանակ և մի բռնակալ են, տերը փրկե ազատե։ Նրանց պետք է շղթայել և ձգել մի մութ այրի մեջ, ինչպես այդ անում են մեր հեքիաթներումը, և հենց գուցե եղած էլ բաներ են։ Հունաց ահռելի, շանթառաք և ամպրոպային Արամազդը չի ամաչում իր մեծությունից, իջնում է երկնքից, ստոր արարածների կերպարանք առնում և զանազան խայտառակություններ գործում։ Այս մի հեքիաթ է, բայց և մեծ մարդկանց ճիշտ պատկերն է։ Իզուր չէին մի ժամանակ աթենացիք և հռոմայեցիք իրանց խոշոր կրքերով խոշոր մարդկանց աքսորում։ Մեծ բռնակալները մեծանում են ժողովրդի զարդարման ստոր մակերևույթի վրա և նրա հաշվով։ Երբ որ բարձրանում է ժողովուրդը, էլ այդ տեսակ մեծեր չեն լինում, այլ լինում է «մեծ ժողովուրդ»։ Մեծ ազգի զավակները որքան էլ որ մեծ լինեն, գլուխ են խոնարհում ժողովրդի առջև և իրանց գործունեությունը նրա հառաջադիմությանը նվիրում։ Մեր մեջ շատ կան թոկից փախած շառլատաններ, որոնք ժողովրդի վրա մեծություն են ծախում, դառնում են նրա առաջնորդը դեպի խավարն արտաքին։ Մեծ պետք է համարել այն անհատներին որոնք աշխատում են ժողովրդին ազատել այդ խավարի արբանյակներից և առաջնորդել նրան դեպի լույս և ճշմարտություն, դեպի բարին և կատարյալն։ Այս առիթով շատ երկար կարելի է գրել, շատ մթին հասկացողություններ պարզաբանել, բայց առայժմ այսչափս բավ է կրոնավորացս։

1894

ՆԱՄԱԿ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ

Թիֆլիս, ապրիլի 2-ին

Շնորհակալությամբ ընդունում եմ ձեր առաջարկությունը, որով հրավիրում եք ինձ նույնիսկ «Մշակի» մեջ հայտնել իմ բողոքը Հրատարակչական ընկերության վարչության նախագահի դեմ: