Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/52

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


չես։ Լսո՞ւմ եք, պարոն գրողներ, թե մեզ ինչի՞ տեղ են դնում։ Ամենալավ բանը որ կարող են համարել մեզ,— այդ լիմոնն է… Բայց այս նյութի մասին ուրիշ անգամ։

Ես շնորհակալ եմ, որ դուք մեր բանակռվի մեջ իմ սովորական հակառակորդների աստիճանին չհասաք։ Ես ձեր բանակռիվը չեմ համարիլ անազնիվ, այլ միայն սոփեստական փաստաբանություն՝ շաղախված գիտությամբ սուտ ու սխալներով՝ մեղադրանքի տակից մի կերպ դուրս պրծնելու նպատակով։ Ես այդ սուտերից կընտրեմ առայժմ այն միայն, որ իմ գաղափարին է դիպչում, որ խեղաթյուրելով իմ ասածը, այն միտքն եք դուրս բերում, թե Աղայանցը վնասակար է համարում կուսակցությունների գոյությունը:

Ես դեռ իմ պատանեկության ժամանակ Լիկուրգոսի կենսագրության մեջ կարդացել եմ նրա հետևյալ օրենքը. «Երբ որ հայրենիքը բաժանված լինի զանազան կուսակցությունների, ամեն մի քաղաքացի պարտավոր է պատկանել որևէ կուսակցության։ Եթե մեկը չեզոք մնա, այնպիսին պետք է նույն պատժին ենթարկվի, ինչ որ պատերազմից փախուստ տված զինվորը»։ Եվ այս օրենքը խստությամբ կատարում էին հույները դեռ այն հին ժամանակներում, երբ դեռ ժամանակակից եվրոպական լուսավորություն չկար։

Այս օրենքն ինձ վրա այն տպավորությունն է թողել, որ ես միշտ արհամարհել եմ չեզոք մնացողներին կուսակցական պայքարների ժամանակ։ Արհամարհել և անազնիվ եմ համարել այն մարդկանց, որոնք չեզոք մնալով, սպասողական դիրք են բռնել, որ հետո հաղթող կուսակցության կողմն անցնեն և իրանց ներկայացնեն իբրև նույն կուսակցության շարքերում կռված մի զինվոր։ Ես վատություն եմ համարել չպատկանել իմ ուզած կուսակցությանը և նրա հետ միասին չպատերազմել մեր հակառակ կուսակցության դեմ, թեկուզ նա լիներ մեզանից անհամեմատ բազմաթիվ և զորեղ։ Ես պատկանում եմ առաջադիմական կուսակցությանը, որ նոր հոգի և շունչ է փչել մեր ազգի դարերով ընդարմացած կյանքի մեջ «Մշակ»֊ի երևալուց դեռ շատ առաջ։ Լինելով առաջադիմական, երբեք չեմ եղել մշակական կամ մի այլ թերթական։ «Մշակ»֊ի ուղղությունը եղածների մեջ ես համարել եմ ավելի առաջադիմական, բայց