Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/53

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սահմանափակ, նեղսիրտ, նախանձոտ և եսական։ «Մշակը» պաշտպանել է իր առաջադիմությունը, որ գոյություն է ունեցել «Մշակ»֊ի շրջանից դուրս։ «Մշակը» իր առաջը կտրողի ոտքիցը կծել է միշտ։ Այս մասին շատերից մի օրինակ միայն։ Որտե՞ղ է տպված, եթե ոչ «Մշակ»-ում, թև Աղայանցը անպատիժ կերպով աղավաղելով մեր լեզվի ուղղագրությունը, հիմա էլ սկսել է դիկտատորություն անել, ասելով թե մեր կոնսիստորները և մյուս ատենական տեղերը լավ չեն անում, որ գրագրությունը գրաբառ լեզվով են վարում, հարկավոր է աշխարհաբառ լեզվով կատարել։

Մի՞թե «Մշակն» իրավ հակառակ էր իմ առաջարկած մտքին, իհարկե ոչ, բայց բողոքում էր, որովհետև այդ միտքն իրանից չէր բխում։

Բայց թողնենք նախկին «Մշակը», որ իր բոլոր թերություններով հանդերձ միակ առաջադիմական թերթն էր։ Այնտեղ Գրիգոր Արծրունին ամփոփում էր իր սիրտը, իր բոլոր զգայություններն ու գաղափարները, իր բոլոր լավ ու վատ կրքերը։ Իսկ ներկա խմբագիրն ինչ ունի դնելու նրա մեջ, բացի մի լոկ անունից, այն էլ վերջումը միայն։ Ի՞նչ է, իրավ, այսօր «Մշակը», եթե ոչ մի սոսկ ավանդապաh անցած գնացածի, որով իրան անշարժության է ենթարկել։ Նույն տունը, նույն տպարանը, նույն ուղղագրությունն ու լեզուն, նույն մտքերի — արդեն հնացած — կրկնությունը։ Ներկա «Մշակ»֊ի այս մոլեռանդ ավանդապահությունը փաստ է, որ ներկա խմբագրությունը ոչ միայն չի հերքիլ, այլ պարծանքով կապացուցանե, որ ճշմարիտ է։ Ուրեմն էլ ինչպե՞ս կարող է «Մշակը» առաջադիմական կուսակցության դրոշակակիրը լինել, քանի որ նա այլևս առաջ չի գնում։ Եվ այս կանգ առած և զառամած թերթը իմ ասածների մեջ գտնում է ծերության կնիք և զանազան թուրքական շառեր է բարդում ինձ վրա։

Մի հատիկ ճշմարիտ խոսքը, որ ասում է «Մշակը» իմ մասին, այդ այն է, որ ես իրավի ընդդեմ եմ եղել միշտ որևէ թերթի «անանուն» համարելուն և ընդդեմ եմ այսօր էլ, և բացատրեմ ահա, թե ինչու համար։

«Անանուն» համարել մի թերթ, որ մեր կյանքի խոշոր երևույթներից մեկն է, և իբր արհամարհելով նրա դեմ այլևս