Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/56

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վարչության վճարած պարտքը անվանելով կանխավճար։ Բայց այս մասին հետո կխոսենք, և այն էլ պաշտոնապես։

1897


ՄԵՐ ՀԱՐՈՒՍՏՆԵՐԻՆ

Հայոց ծխական դպրոցները ծառայում են բացառապես չքավոր դասակարգի զավակների կրթությանը։ Այս է այդ դպրոցների էլ աղքատության միակ պատճառը։ Հարուստ դասակարգը նյութապես չի օգնում այդ դպրոցներին, առարկելով, որ նա այնտեղ զավակ չունի։ Ծխական տուրքի դեմ է դարձյալ հարուստը միևնույն պատճառով։

Եթե մեր հարուստները մի փոքր ազգային պատվապահության զգացմունք ունենային, ազգայնության բնորոշ հատկությունների պահպանության նախանձախնդիր լինեինք այդպես սառն չէին վերաբերվիլ դեպի իրենց ազգային կրթարանները։ Եթե մեր հարուստներն իմանային, որ իրենց զավակները ինքնուրույն խելքի տեր կլինեին, ավելի զարգացած, ավելի առաքինի, հետևապես և ավելի պիտանի և ժառանգապահ, եթե իրենց կրթությունն ստանային ազգային կրթարաններում, այնուհետև նրանք դյուրությամբ չէին օտարացնիլ իրենց զավակների ազգայնական հատկությունները։ Բայց այս հոգեբանական երևույթների մասին նրանք գաղափար չունին։ Ո՞ր հարուստը կարող է գիտենալ, որ մանուկի ուղեղը ավելի կաճի, ավելի կզարգանա այնպիսի սնունդով, որով սնվում են արմատները այն մեծ ծառի, որ ազգ անունն է կրում։

Բարձրագույն կրթություն ստացողներից նա ավելի հառաջադեմ կլինի, ով որ իր միջնակարգ կրթությունը ստացել է ազգային դպրոցում։ Որովհետև նա իր մատաղ ուղեղը չի հոգնեցրել խորդուբորդ նյութերով։

Կարճ ասենք, կրթությունը բեղմնավոր կլինի միայն այն ժամանակ, երբ նա կլինի ազգային։ Կրթությունը օրինավոր կլինի միայն այն ժամանակ, երբ նրա նպատակը կլինի զուտ