Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/57

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կրթական և ոչ որևէ քաղաքական միտումով։ Արդ, մենք թե՛ աղքատ և թե՛ հարուստ, պիտի ձգտենք ձեռք բերել կրթության այդ սրբազան պահանջը։ Այնուհետև հարուստ թե աղքատ միատեսակ կրթություն կունենան, մի ուղղությամբ և մի ոգով կլինին տոգորված։ Իսկ միությունն արդեն ինքնըստինքյան մի ահագին ուժ է, դրական և բացասական ուժերի մի միություն, որ շարժվելիս կայծեր է ցայտում աջ ու ձախ և լուսավորում իր միջավայրը։

Իսկ մինչև այդ, մինչև այդ լուսավոր ապագան, ո՛վ հարուստներ, պահպանեցեք մեր ազգային լուսատու ճրագները` մեր ազգային դպրոցները։

1909

ԱԶԳՈՒԹՅՈՒՆԸ

Ամեն մի ազգ, լինի նա փոքրաթիվ, ընկճված, տգետ և ըստ ամենայնի խղճալի,— ունի ապրելու կատարյալ իրավունք։ Այդ իրավունքը տվել է նրան ինքը` բնությունը, որ կազմակերպել է նրան և ձգել նրա հոգու մեջ ինքնապահպանության բնազդ։

Ինքնապահպանության բնազդը հնարել է տալիս նրան զանազան միջոցներ, որոնցով հեշտացնում է նա իր հարատևիլը։

Ազգի ամեն մի անհատը իր գոյությունը ազգի գոյության մեջ է որոնում։ Սրանով են փոքր ու մեծ ազգերը պաշտպանվում զորեղներից, նույնիսկ նրանց հպատակ եղած ժամանակ։

Բայց ահա մեր ժամանակ դուրս են գալիս նորանոր ուսմունքներ, որոնք ազգասիրությունը, հայրենասիրությունը, կրոնը, եկեղեցին և բոլոր հնագույն սրբությունները համարում են նախապաշարմունք։

Ենթադրելով, որ դրանց ասածը զուտ ճշմարտություն է, պետք է ասենք, որ ազգի պահողը ոչ թե զուտ, այլ բարոյական ճշմարտությունն է։

Եվ իրավի, եթե մարդուն մերկացնենք իր բարոյական ճշմարտություններից, նա կզրկվի մարդկային կերպարանքից և մեր առաջ կկանգնի իբրև մի ողորմելի կապիկ։ Էլ ինչի՞ նման