Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/58

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կլինի մարդը, եթե նրանից վերցնես այն ամենը, ինչ որ բարի է և գեղեցիկ։ Չէ՞ որ բարին և գեղեցիկը երևակայության արդյունք է, ինչպես նկարչությունը և նկարչական ձեռարվեստները, երաժշտությունը, բանաստեղծությունը, փիլիսոփայությունը և կրոնական վերացմունքը դեպի անհունը։ Եթե այս բոլորը ոչինչ են, ուրեմն ինքը մարդկային կյանքը մի կատարյալ ոչնչություն է, քանի որ հավիտենականության հետ համեմատած՝ մի ճպուռի կյանք էլ չէ։ Բայց բնությունը ինչպես ամեն մի՝ ճպուռից էլ ստոր արարածի տվել է ապրելու բնազդ, նույն բնությունը մարդուն էլ տվել է իր կյանքը զարդարելու համար բազմատեսակ մխիթարական և զվարթարար բաներ ստեղծագործելու շնորհք, որով և տարբերվում է նա մյուս բոլոր արարածներից։ Հերքել այս ամենը, կնշանակե ճակատը պատին խփել։

1909


«ՄՇԱԿ»-Ի ԽՄԲԱԳԻՐ-ՀՐԱՏԱՐԱԿԻՉՆԵՐԻՆ

Պարոններ, «Սուրհանդակ»֊ի նախընթաց համարում տպված իմ հոդվածը, ինչպես տեսնում ենք «Մշակ»֊ի 249֊րդ համարում, ապշեցուցիչ տպավորություն է գործել ձեր վրա։ Ես չեմ հավատում։ Դուք շատ լավ եք զգացել, որ իմ ասածը զուտ ճշմարտություն է, բայց դուք աշխատել եք դեմագոգ հանդիսանալ և ինձ ձեր հակառակորդ ներկայացնել։

Ես ասել եմ և իմ ասածը տպվել է ձեր «Մշակ»-ումը և ձեր ձեռքով դեռ շատ տարի առաջ, որ մեր ընտրությունները կեղծ են, ժողովրդական չեն, թե՝ մենք չենք կարող, եթե ուզենանք էլ՝ ազատ ընտրություն անել, մեր ուզած մարդն ընտրել և ոչ այս ու այն վեղարավորին՝ լինի նա վարդապետ թե եպիսկոպոս։

Հիմա էլ ահա ասում եմ. եթե չենք կարող ճշմարիտ ընտրություն կատարել և թերակատար, և նույնիսկ սուտ ու կեղծ, այդ սուտերից և անհրաժեշտ չարիքներից պետք է ընդունենք փոքրագույնը, պետք է սուտ ընտրությունից գերադասենք