Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/61

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չսիրաշահեն, այլ մի շոշափելի դրամական օգնություն հասցնեն:

Ուրեմն դրամական օգնությունն սկսվել է ոչ թե Արծրունու հոբելյանից հետո, ինչպես Շահրիարն է ասում գիտությամբ կամ անգիտությամբ, այլ հենց նրա հոբելյանով։

Եվ մի՞թե սրանով նսեմանում է Արծրունու հիշատակը, մի՞թե ազգի և հասարակության կողմից արված ընծայաբերությունը մի պարծանք չէ՞ թե՛ տվողի և թե՛ մանավանդ ստացողի համար։

Արդյոք Շահրիարը ի՞նչ կաղապարի մեջ է ուզում գրած լինել Գրիգոր Արծրունուն. արդյոք ուզում է ասել.

Որ նա հարո՞ւստ է եղել.

Որ նա դրամական օգնության կարոտ չի՞ եղել.

Թե՞ ավելի ուզում է ասած լինել, որ Արծրունուց հետո եղած հոբելյարները զուրկ են եղել գաղափարականությունից, պատվասիրությունից, արժանապատվությունից։ Ի՞նչ է ուզում ասել վերջապես գաղափարական բառով։

Թե Շահրիարն անհաս է ըմբռնելու գաղափարական բառի բովանդակությունը, այդ երևում է նրանից, որ նա իդեալիստ և կարիերիստ բառերի տարբերությունն ըմբռնելու զգացումից զուրկ է։

Մի՞թե կարելի է իդեալիստ համարել այն մարդկանց, որոնք երկրում եղած պաշտոնները բավական չհամարելով՝ լուսնի վրա էլ են պաշտոն որոնում։ Հենց այս խոսքերով չէ՞ր, որ կարիերիստներին նախատում էր Գ. Արծրունին։

Ինչո՞վ է Ալ. Քալանթարի երեսնամյա ծառայության տոնակատարությունը գաղափարական։ Շահրիարն ասում է, «Նրանով, որ նա կապված չէ դրամական հարցի հետ»։ Ես հավատացած եմ, և Շահրիարն էլ նույնպես, որ եթե Համբարձում Առաքելյանի հոբելյանը կատարենք, նա ոչ միայն ոչ մի կոպեկ չի ուզիլ, այլ դեռ ինքը կտա մեզ։ Եվ մի՛՞թե սրանով Հ. Առաքելյանի հոբելյանը կդառնա գաղափարական[1]։

  1. Ալ. Քալանթարը «Տարազում» տպած նամակումն ասում է, որ երկու տարուց հետո կատարվելու է «Մշակի» քառասնամյա հոբելյանը: Երևի այդ հոբելյանի կատարումը նույնպես գաղափարական կլինի, և կապված չի լինիլ դրամական հարցի հետ։ Հը՞... ի՞նչ կասեք, պ. Շահրիար: