Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/62

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ալեք. Քալանթարի երեսնամյա ծառայության տոնակատարությունը ինչո՞ւ պետք է կապված լինի դրամական հարցի հետ, քանի որ նա լիուլի վարձատրվում է ռոճիկով, աստիճանով, պատվով և առատ կենսաթոշակի հեռանկարով։

Ալ. Քալանթարի ներկա հոբելյանը համարել գաղափարական, փոխանակ համարելու սովորական և քաղաքավարական, առնվազն սխալ է և թյուրիմացություն, իսկ Շահրիարի ճառը, թե՛ շիտակությունից է հեռու և թե՛ ճշմարտությունից։

1909

ԽԱՎԱՐԻՑ ԴԵՊԻ ԼՈԻՅՍ

Դժվար թե մի որևէ ազգի մեջ լույսի գաղափարը այնքան շատ լինի տարածված, որքան հայ ազգի մեջ։

Մեր երգերը, մեր շարականները, մեր աղոթքներն ու մաղթանքները, մեր օրհնություններն ու խնդրվածքները լիքն են արևով ու լույսով։

Էլ` լույս առավոտ, էլ` արշալույս, էլ` սիրուն արև, էլ` արդար արեգակ, էլ՝ ճառագայթ փառաց, էլ` աստղ առավոտու, էլ` ճրագ, էլ` լապտեր, էլ` փարոս, էլ` խարույկ, էլ` դրնդեզ, էլ` ճրագալույց...

Վերջապես չէ՞ որ մենք լուսավորչական ենք:

Մի՞թե կա ավելի լավ տիտղոս, քան թե այս, որ ցույց է տալիս, թե մենք խավարասեր և լուսատյաց չենք, այլ լուսապաշտ։

Եվ ի՞նչ կա բնության մեջ գերագույն, քան զլույսը իր բոլոր երևույթներով, իր տեսանելի և անտեսանելի, իր հայտնի և անհայտ ճառագայթներով։

Թե մեր նախնիք էլ հնումը եղել են արևապաշտ, դրանով միայն պարծենալ կարող ենք։ Թե մեր նախնիք սիրել են բարոյական ու մտավոր լույսը, դրա համար էլ ունինք խոշոր ապացույցներ։

Այս բոլորը այսպես լինելուց հետո` հիմա ի՞նչ է պատահել