Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/63

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեզ, որ Լուսավորչի հոտը պահ ենք տվել լուսազուրկ և խավար հովիվների։

Ինչո՞ւ մեր թեմերում չունինք լույս սփռող քարոզիչներ։

Ինչո՞ւ են էջմիածնում անգործ նստած Գարեգինները, Բենիկները, Երվանդները, որոնք դժգոհ են իրանց պարապ վիճակից։

Մի՞թե ժողովուրդն ինքը պիտի հրավիրե դրանց, թե` եկեք մեզ քարոզեցեք, մեր միտքը, մեր հոգին լուսավորեցեք, առաջնորդեցեք մեզ դեպի ազնիվն ու վսեմը, դեպի բարին ու գեղեցիկը։ Ներշնչեցեք մեր մեջ սեր դեպի ազգն ու եկեղեցին։ Ընկերասիրություն քարոզեցեք, որ մենք միմյանց տուն չքանդենք, միմյանց չկոտորենք, մեր հարևանների հետ սիրով ու համերաշխ ապրենք։ Մեր բարոյական և նյութական նեղություններից դուրս գալու մի հնար ցույց տվեք։ Վերջապես ցույց տվեք, որ մենք մի անհովիվ հոտ չենք, այլ ունենք քաջ Հովվապետ, որ գիտե մեր մասին մտածել, մեր հոգսը քաշել, մեզ դեպի երկրավոր երջանկություն առաջնորդել։

Պետք է ամեն խոչ ու խութ վերացնել՝ այս բանը գլուխ բերելու համար։ Պետք է ժողովրդին սփոփել, մխիթարել խրախուսել, ոգևորել, նրա մեջ ինքնագործունեության ոգի ներշնչել, նրա հույսն ու հավատը զորացնել, նրա սերը դեպի եկեղեցին և նրա պետը դարձնել։

Իհարկե, քարոզիչ վարդապետները պետք է զորացած լինին առաքելական հոգվով, ոչ մի վարձ ժողովրդից չպիտի ստանան, պետք է բավականանան վանքից ստացած վարձով։ Իսկ հաց, ջուր, օթևան` սիրով կտա հյուրասեր հայ ժողովուրդը։ Եվ որքա՜ն բարիք կարող են հասցնել հայ ժողովրդին։

Մոտենալ ժողովրդին, մոտիկից ուսումնասիրել ժողովրդին, ծանոթանալ նրա կացությանը, նրա բարոյական և տնտեսական վիճակին, պետք է պարտավորական լինի միաբանակից եղբայրներին, որոնք հերթով պիտի կատարեն քարոզչության պաշտոնը, բաց չթողնելով ոչ մի աննշան գյուղ։ Ահա ինչ է փափագելի, որ լինի, որքան կարելի է` շուտ:

1910 '