Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/65

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մի զենք է, բայց խոհեմությունը պետք չէ շփոթել առաքինության հետ։ Չարին հակառակ չկենալը՝ ուղիղ և բարոյական վարդապետություն չէ։ Դա դեմ է և՛ խելքի, և՛ բարոյականության։

1910

ՄԻ ԿԱՐԵՎՈՐ ԲԱՑԱՏՐՈԻԹՅՈԻՆ

Բաքվից գրում է ինձ իմ նախկին աշակերտուհիներիցս մեկը մի նամակ, որքան հարգալիր, նույնքան և հանդիմանական, թե ինչո՞ւ ես չեմ բողոքել ավելի վաղ Վեհափառ Իզմիրլյանի վիրավորողների դեմ:

Առիթ ունենալով ինձ այս նամակը, պարտք եմ համարում հրապարակով կրկնել, որ ես բողոքել եմ իմ ժամանակին: Ես բողոքելով եմ հեռացել «Սուրհանդակից», որին խոսք էի տվել մշտական աշխատակից լինել։ Այս հանգամանքը արժանի է բացատրության։

Երբ «Հովիվը» դառավ մի հատուկ օրգան, կամ ավելի ճիշտ կլինի օրգանի տեղ ասել՝ մորմ, կարիճ կամ այլ թունավոր սողուն` ազնիվ Իզմիրլյանին շարունակ խայթելու համար, այդ ժամանակ «Սուրհանդակի» ախորժակը նույնպես սրվեց և չուզեց ետ մնալ «Հովվից»։ Ահա այդ ժամանակ ես պարոն Երիցյանին հասկացրի, թե մենք որպիսի դիրք պետք է բռնենք դեպի մեր Մայր Աթոռը։ «Հովվականները» հավատացրել էին շատերին որ էջմիածինը դառել է մի մոխրակույտ, որ Իզմիրլյանը ոչ թե երկաթ է, այլ բամբակ: Հենց այս բառով էլ որակում էին նրան «Հովիտ»-ի ներկա խմբագրողները, որոնց պետն է Ադամից առաջ դրախտից դուրս արած Պետրոս Սիմեոնյանը։ Երբ բանն այստեղն էր հասել, երբ մարդիկ չէին կարողանում ենթադրել, որ այդ բոլորը կարող է սուտ լինել, որ տերտերներն էլ կարող են սուտ խոսել այն էլ` իրենց Հովվապետի դեմ, այս բանին հավատացել էր և մեր պատվական Ալեքսանդր Քիշմիշյանը։ Սա մեկ օր,