Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/66

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ազգասիրությունից դրդված՝ «Սուրհանդակում», տպվելու համար բերել էր մի հոդված, որով ուզում էր հասկացնել, թե պետք է էջմիածնի ներկա ցավալի վիճակի վրա ուշադրություն դարձնե ազգը։ Ես պարոն Քիշմիշյանին նույնպես հասկացրի,որ այդ բոլորը մի անխիղճ զրպարտություն է, որ դա մի խմբակի գործ է, մի խմբակ՝ կազմված խավարահոգի անձինքներից, որոնք սնված լինելով եզվիտական հոգվով, ոչ մի եղեռնագործության առաջ կանգ չեն առնիլ իրանց խավար նպատակին հասնելու համար։

Պարոն Քիշմիշյանը՝ իբրև ազնիվ ու անաչառ հայ, իմ քիչ ասածից ավելի շատ բան հասկացավ, և ոչ միայն իր գրած թուղթը ետ վերցրեց, այլև միացավ ինձ հետ և երկուսս միասին ազնիվ խոսք առանք «Սուրհանդակի» խմբագրից, որ նա Էջմիածնի մասին ոչինչ չի տպիլ առանց մեր գիտության։

Բանից դուրս եկավ, որ Ա. Երիցյանի տված ազնիվ խոսքը իր աչքումն արժեք չի ունեցել, և օգուտ քաղելով իմ բացակայությունից, մի առաջնորդողով Էջմիածնի դրությունն այնպես ներկայացրեց հայ ընթերցողների առջև, որ նրանք «Հովվի» մոխրակույտն այլևս չափազանցություն չհամարեցին։ Սրա դեմ էր ահա, որ ես ոչ միայն բողոքեցի, այլև իսպառ հեռացա «Սուրհանդակին» աշխատակցելուց։ Իսկ «Հովիտի» դեմ բողոքել եմ ոչ թե մեկ, այլ երեք֊չորս անգամ, բայց նրանք ոչ միայն չզսպվեցին, այլ զանազան անլուր լուտանքներ տալուց հետո, ինձ անվանեցին «ձեռներս արյունով լի», մի ձեռս հասցրին մինչև Սասուն, մյուսը մինչև Նովոչերկասկ։ Մեկ հարցնող կամ բողոքող եղա՞վ, թե ի՞նչ կապ ունի Աղայանցը Սասունի կամ Նովոչերկասկի հետ։ Դուք, հարգելի աշակերտուհիս, մի՛ պահանջեք ինձանից ավելին, քան թե արել եմ ես, այլ պահանջեցեք Ձեզանից ու Ձեր ընկերուհիներից, որ չեն ձայնակցել իրանց ուսուցչին և թողել են նրան շրջապատված մարդակերպ հրեշներով...

1910