Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/69

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ախտահանվելուց գիտության ցույց տված դեղերով։ Մարդկությունը պետք է գիտության մեջ որոնե իր թե՛ երջանկությունը և թե՛ իր փրկությունը մոլորություններից։

1911

ԻՆՔՆՕԳՆՈՒԹՅՈՒՆ

«Չարին հակառակ չըկենալու» վրա ես նայեցի ինքնապաշտպանության տեսակետից։ Ինձ ասողներ եղան, թե ես այդ բանն այնպես չեմ բացատրում, ինչպես Տոլստոյը։ Պետք է գիտենալ սակայն, որ Տոլստոյը չի ասում, թե «չարին չպետք է հակառակ կենալ»։ Սա կնշանակե՝ «չարիքին պետք է հակառակ կենալ, միայն ոչ չարիքով»։

Ես էլ հո չե՞մ ասում, թե՝ երբ մեկը քո տունը կրակ տա, դու էլ գնա նրանը կրակ տուր։ Այլ թե՝ «երբ տեսնում ես, որ տունդ կրակ են տալիս, աշխատիր թույլ չտալ, և պաշտպանիր ինչով որ կարող ես»։

Գոյության պաշտպանությունը հակառակ չէ ոչ մի օրենքի:

Բայց եթե դուրս կգա, որ դա հակառակ է Տոլստոյի ասածներին, թող լինի հակառակ, քանի որ նա մի մարդ է սխալական, իսկ տիեզերական օրենքները հավիտենական են։

Ռուսաց ո՛չ ազգը, ո՛չ հայրենիքը և ո՛չ լեզուն ու կրոնը պաշտպանության կարոտ չեն։ Տոլստոյն էլ չի պաշտպանել այդ տարրերը նաև այն ազգերի մեջ, որոնք կարոտ են եղել պաշտպանության։ Այսպես չէր լինիլ Տոլստոյը, եթե հայ լիներ: Նա անշուշտ կլիներ մի Խաչատուր Աբովյան և մի Ստեփանոս Նազարյան։ Իսկ վերջինս եթե ռուս լիներ, գուցե կգերազանցեր նույնիսկ Տոլստոյին կրոնական տեսակետից, քանի որ նա էլ էր քարոզում հայ ազգին վերանորոգություն ոտից գլուխ ավետարանի լուսով։

Թող այս բանը լավ իմանա կրթվող հայ սերունդը և սիրե ու պաշտպանե իր դժբախտ ազգն ու լեզուն, իր պապերի թողած ավերակները և իր ծնող եկեղեցին։

Ինքն իրան չպատվողը ուրիշից պատիվ սպասելու իրավունք չունի։