Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/79

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կյանքումս, ատենախոսություններ շատ եմ լսել, բայց նրանցից ոչ մեկը կարող չէ համեմատվել այն ատենախոսության հետ, որ ես լսեցի մոտ ժամանակներս։ Եկեղեցին հոյակապ էր և փառավոր։ Նրա մեջ չկար ոչ մի սյուն. երևի առաստաղը երկաթակապ էր։ Բեմ բարձրացավ մի երիտասարդ քահանա, նիհար, բայց համակրելի դեմքով, երկայն հասակով և կրակոտ աչքերով։ Ձայնը մաքուր էր և զորեղ, առոգանությունը՝ քաղցրահնչյուն և դուրեկան, ասածները՝ նոր և ազդու։ Եվ միայն մոտավորապես կարող եմ հաղորդել, թե ինչ էր նրա ատենախոսության բնաբանը և բովանդակությունը, առաջուց խոստովանելով, որ իմ գրածովս չեմ կարող կենդանի խոսքի զորեղ տպավորությունը գործել, նրա պես հմայել և հափշտակել, քանի որ խոսելու եղանակը, ձևը և կենդանությունը գրի առնել կարելի չէ։

— Հարգելի եղբայրներ և քույրեր,— այսպես սկսեց ատենախոսը։— Ի՞նչ բան կարող է մեր սրտին, մեր հոգուն և մեր մտքին այնքան մոտիկ լինել, որքան նույնիսկ այդ սիրտը, այդ հոգին և այդ միտքը, որքան մեր անձը, մեր կյանքը և մեր կեցությունը։ Մենք մեր քթերը չենք տեսնում, որովհետև շատ է մոտիկ մեր աչքերին։ Մենք քննում ենք երկնքի երեսը — և հենց այդ միջոցին ընկնում ենք մի փոսի մեջ։