Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/82

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կերպարանքով, երբեմն մարդու և երբեմն այլ և այլ կենդանու,— գազանի, սողունի, թռչունի և այլն։ Եվ որքան ստոր է լինում մարդու հոգին, այնքան ստոր և պիղծ արարածի մեջ է մտնում նա։ Հայտնի չէ, թե որքան է տևում այս մարմնափոխությունը միևնույն հոգու համար, բայց վերջ ի վերջո այլևս չի կրկնվում նրա ծնունդը և նա ընկնում է հավիտենական լռության գիրկը, ուր այլևս տանջանք չկա, այլ մշտնջենական հանգստություն:

Չնայած այս դժոխային տանջանքին, հնդկացիք դարձյալ ապրում են։ Եվ ի՞նչ անեն, որ չապրեն, քանի որ մարմինն սպանելով` հոգին չեն կարող սպանել. նա պետք է ավելի մեծ տանջանքների մեջ ընկնի։ Բայց դրանց երևակայությունն ստեղծել է մի այլ տեսակ մարմնասպանություն, որով հոգին ազատվում է մի նոր մարմնի մեջ մտնելուց և ուղղակի գնում է իր հանգստանալու տեղը։ Սրանց ճգնավորությունն է այս։ Ճգնավորը պետք է իր հարաբերությունը այս աշխարհի հետ բոլորովին կտրե, մարմնական և հոգեկան կրքերը բոլորովին ոչնչացնե, իր մարմնավոր գոյությունը չգոյության վերածե և զուտ հոգով վերանա իբրև մի անմարմին գոյություն։ Եվ հնդակացին ինքն իրան դժոխային տանջանքների է ենթարկում` այդ վերացման աստիճանին հասնելու համար։ Մարդկային նախանձն ու սնափառությունը այստեղ էլ է խաղացնում իր պոչը. ճգնավորներն աշխատում են միմյանց գերազանցել մարմնասպանության ասպարեզում։ Եթե մեկն իր քիթն է կտրում, մյուսը՝ և քիթն է կտրում և աչքերը հանում, երրորդը ականջներն էլ է խլացնում, չորրորդն այդ բոլորն անելուց հետո` լեզուն էլ է կտրում, հինգերորդն այնպես է անդամահատում իրան, որ դառնում է մի կույտ մարմնական զանգված։ Մենք պիտի զարմանանք, որ մեր ճգնավորները սրանց պես չեն վարվել, քանի որ ավետարանի մեջ էլ ասված է, որ «եթե աչքդ գայթակղեցնե քեզ, հանիր և դեն ձգիր. եթե ձեռքդ գայթակղեցնե քեզ, կտրիր և դեն ձգիր»...

Բուդհան սկզբումը փորձեց իրան այդ տեսակ ճգնության ենթարկել. բայց տեսնելով նրա անօգուտ լինելը, հոգեպես վերանալն ու հափշտակվելը բավական համարեց։ Ծայրահեղ ճգնության մեջ նա սնափառություն է տեսնում և նախանձ, որ սուրբ մարդը պետք է չունենա. ավելի լավ է համարում ողորմություն հավաքել և բաժանել աղքատներին: