Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/83

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հոգու վերացումով և բարեգործությունով կարող է բացարձակ սրբվել մարդ և արժանանալ Նիրվանային ուղղակի։ Բայց թե ինչ էր Բուդհայի Նիրվանան, այդ մեզ ներկայացնել չենք կարող, որովհետև դա մի չգո էակ էր, մի չէություն, որ սակայն գոյություն ուներ Բուդհայի երևակայության մեջ։ Բուդհան, որ նույն էր բրահմականության համար, ինչ որ Քրիստոս հրեության, աղոթքի դեմ էր, և իր հետևողներին աղոթք չսովորեցրեց` ասելով.— «Ի՞նչ է աղոթքը, ո՞ւմ պիտի դիմեք աղոթքով, ումի՞ց պիտի օգնություն խնդրեք, ո՞ւմ պիտի աղաչեք, ո՞ւմ պիտի փառաբանեք: Նա, ում որ պիտի դիմեք, անմռունչ է. աչք չունի, որ ձեզ տեսնի, ականջ չունի, որ ձեզ լսի, ձեռք չունի, որ ձեզ օգնի։ Դուք ձեր հույսը ձեզ վրա պիտի դնեք, դուք ինքներդ պիտի օգնեք միմյանց»։

Այսպես, ահա, Բուդհայի աստվածը մեռած է բոլորովին. նրա կրոնը նույնպես մեռած է, նրանում չկա ոչ կյանք, ոչ ապրելու համար մի իդեալ։

Բուդհայի Նիրվանան այն Ոչինչն է, որից Մովսեսի Եհովան առաջ է բերում ամբողջ տիեզերքը, բացի այր մարդուց, որին հողից է ստեղծում, և կին մարդուց, որին այր մարդուցն է առաջ բերում։ Մովսեսի կյանքի իդեալը եդեմական դրախտն էր, որ լիքն էր տիրոջ բոլոր բարիքներով։ Ադամն ու Եվան շատ երջանիկ էին այդ փափուկ դրախտի մեջ, բայց նրանք չիմացան իրանց երջանկության պատիվը (և ինչպե՞ս կիմանային, քանի որ չգիտեին իրանց չարն ու բարին, քանի որ մի այլ վիճակի ծանոթ չէին) չպահեցին Եհովայի պատվերը, կերան բարու և չարի գիտության ծառի պտղից և հասկացան թե ինչ է մերկությունը, և ամաչեցին. իմացան, որ պատվիրազանց են եղել և վախեցան աստծուց։ Բայց էլ ի՞նչ կօգներ. ասված էր, որ եթե նույն պտղիցն ուտեն, պիտի մեռնին։ Բարկացավ Եհովան և անիծեց մարդուն` ասելով «Հող էիր առաջ, էլի հող դառնաս»։ Խեղճ Ադամին ու Եվային դուրս արին դրախտից և նրա դուռը փակեցին հավիտենական փականքով. նա այլևս բաց չէր լինելու մարդկության համար։

Դրախտում փափուկ մեծացած Ադամն ու Եվան հարկադրվեցան ապրել իրանց երեսի քրտինքով։ Ուրիշ ելք չկար.