Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/85

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թե ինչ խառնակ երևակայության ծնունդ է այդ հսկայական հարեմը, որով Մահմեդը սրբապղծել է դրախտի և երկնային արքայության անունը։ Այս է Մահմեդի տված կյանքի և ապրելու իդեալը։

Ամենայն մի ծայրահեղություն կորցնում է մարդկային բնության հավասարակշռությունը և նրան անդունդ գլորում։ Բնավ ապացույցի կարոտ չէ, որ ապրելու այդ եղանակը մի բաղեղ է, որ փաթաթվելով հասարակ ժողովրդի կյանքի ծառին, պիտի ծծե նրա հյութը, ինքը պարարտանա և նրան կմախք դարձնե, մինչև այլևս սնունդ չստանալով՝ չորանա և վայր թափվի ծառի ոտքերի տակ։ Այս է մյուսլիության թշվառ ապագան։ Նա պիտի ընկներ նրա ոտների տակ, ում արյունը որ ծծել է այնպես անխնա։

Այժմ դառնանք մեր կրոնին և տեսնենք սա՞ ինչպիսի իդեալ է տվել մեզ ապրելու համար: Բայց այստեղ թույլ տվեք ինձ մի միջանկյալ նկատողություն անել։ Ամեն մարդ ամենայն ազատամտությամբ և աթեիստական ուղղությամբ դատաքննում ու դատափետում է այս և այն կրոնի ստությունը և մոլորությունը. բայց երբ բանը յուր կրոնին է հասնում, նրան համարում է միակ անսխալ։ Աշկարա բան է, որ նա կեղծում է. բայց կեղծելու պատճառն ի՞նչ է։ Պատճառն ապրելու պոչն է, որ այստեղ էլ է դեր կատարում։ Օտար կրոնի պախարակողը և իր կրոնի գովաբանողը կվայելե իր կրոնակիցների հարգանքը, պատիվը, կհամարվի ուղղահավատ, ազգասեր ու հայրենասեր. իսկ եթե իր կրոնին դիպչի, չէ՞ որ նա կհամարվի երետիկոս, կրոնադրուժ, դավաճան եկեղեցու, ազգի և հայրենիքի։ Ո՞ր խելացի մարդը կուզենա, որ այդ սև տիտղոսները իր ճակատի վրա դրոշմեին։ Արդ` չկեղծելու համար, եթե խնդիրը վերաբերեր մեր ազգային եկեղեցուն, ես կհետևեի այն առածին, որ ասում է` «կամ լավ, կամ ոչինչ»։ Աշխարհիս վրա պետք չէ, որ մոլություններ տեղի ունենան. բայց որովհետև ոչինչ չի լինում առանց պատճառի, ապա ուրեմն պետք է վերացնել այն բոլոր պատճառները, որոնք մոլություն և թշվառություն են առաջ բերում։ Բոոր մոլություններն առաջ բերող միակ պատճառը մեր եսականությունն է, մեր ինքնասիրությունը։ Ապա ուրեմն բոլոր մոլությունները կվերանան միայն այն