Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/88

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քեզ լավ և վատ հագուստ առաջարկեն, դու լավը չընտրես, այլ վատն ընտրիր։ Եթե երկու տեսակ ուտելիք առաջարկեն՝ լավ և վատ, դու լավը չընտրես, այլ վատն ընտրիր։ Առհասարակ աշխարհումս ինչ որ լավ է երևում, թող չգրավե քեզ, դու նույնիսկ վատերի մեջ ամենավատն ընտրիր քեզ համար։

— Հայր,— հարցնում է աշակերտը,— եթե այդպես վարվեմ, մի՞թե հիմարություն չի լինիլ իմ կողմից։

— Իհարկե, որդյակ, հիմարություն կլինի, և պետք է հիմարություն էլ լինի, որովհետև ինչ որ հիմարություն է թվում մարդկանց, այն է իմաստություն համարում աստված։

Աշակերտը չէր կարող չհավատալ սուրբ հոր ասածին և այնպես չվարվել։ Նա ոչ միայն հավատում էր, այլև չափազանց ուրախանում էր, որ մի նոր իմաստություն սովորեց աշխարհքը լուսավորելու համար։ Ի՞նչ մեծ շնորհք է՝ բանն այնպես գիտենալ, ինչպես նա կա, այդպես հո ամեն երեխա էլ գիտե. շնորհքն այն է, որ բանն այնպես գիտենաս, ինչպես նա չկա։ Ո՞վ չգիտե, որ լավը լավ է և վատը՝ վատ, գեղեցիկը գեղեցիկ է և տգեղը՝ տգեղ։ Բանն այն է, որ գիտենաս թե գեղեցիկը տգեղ է և վատը՝ լավ։ Կրթությունը նրա համար չէր տրվում, որ մարդիկ իրանց լավ չգիտցածը ավելի լավ գիտենային, այլ որ բոլորովին հակառակը գիտենային. ինչ որ սուտ էր թվում, ճշմարիտ համարեին և ինչ որ ճշմարիտ՝ սուտ։ Մարդիկ այնպես չպիտի վարվեին, ինչպես իրանց խելքն էր թելադրում, այլ բոլորովին նրա հակառակը։ Մարդկությունն այս ուղղությամբ առաջ գնաց բավական երկար ժամանակ և ամեն մի հաջորդ սերունդ նախորդին գերազանցեց իր անխելքությունով։ Մարդու մտավոր զարգացումն սկսեց ետ ու ետ շարժվել հսկայական քայլերով։ Այս հետաշարժության մեջ ևս քրիստոնյա Եվրոպան մյուս երկրների առջևն էր գնում։ Անխելքության կողմից նրանց հետ համեմատվելով՝ մենք շատ աղքատ էինք, հարկադրված էինք փոխ առնել նրանց տգիտությունը, ինչպես այժմ փոխ ենք առնում նրանց գիտությունը։

Բայց գլխավորն այն չէ, թե մարդիկ որպիսի վիճակի մեջ էին մտավորապես, այլ թե ինչպե՞ս էին տնտեսապես, արդյոք գո՞հ էին իրանց կեցությունից, թե դժգոհ, չէ՞ որ այդ հանգամանքն է միայն, որ մարդկանց այս ու այն կողմն է մղում։