Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/89

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հավատի այս բարձրագույն շրջանում մարդիկ դժգոհ չէին իրանց կեցությունից, որովհետև ինչքան վատ լիներ նրանց կեցությունը այս կյանքում, այնքան լավ պիտի լիներ մյուս կյանքում։ Հավատացյալների ապրուստի մեջ խոշոր տարբերություն չկար։ Հարուստը, որ կարող էր շատ ճոխ ապրել, ապրում էր շատ աղքատ, որովհետև մեղք էր համարում լավ ապրելը. աղքատն էլ ուզեր չուզեր` պետք է վատ ապրեր. լավ ապրելու համար գայթակղվելու առիթ չուներ, ամենքի ապրելն էլ համարյա միատեսակ էր։ Կրոնավորները, որոնք ապրում էին համայնական, միաբանական կյանքով, կարող էին, եթե ուզենային, շատ լավ ապրել, բայց ամենից վատ և ամենից խիստ նրանք էին ապրում։ Նրանք էին պահպանում աղքատանոցները, անկելանոցները, հյուրանոցները և ծառաների պաշտոնն իրանք էին կատարում։ Կյանքի այս սակավապետությունը, չքավոր կեցությունը առաջ էր բերել մի տեսակ խաղաղություն, անշարժություն, ոչ ոք մյուս օրվա համար հոգս չէր քաշում։ Այժմ սրա վրա ավելացրեք և այն հավատը, որով աշխարհքը շուտով պիտի վերջանար. էլ ո՞վ կմտածեր ձեռք զարկել այնպիսի բանի, որի արդյունքը վայելելու համար պիտի տարիներով սպասեր։ Հարկավոր էր արթուն լինել միշտ և միայն մյուս կյանքի մասին մտածել։

Քրիստոնյա աշխարհը այս վիճակի մեջ էր, երբ հարավից արաբական և արևելքից թաթարական արշավանքներն սկսվեցին։ Հավատացյալ Եվրոպան քառասուն հազար անմեղ մանուկներից մի բանակ կազմեց և նրանով ուզեց ազատել Քրիստոսի գերեզմանը անօրենների ձեռքից. իսկ հայ քրիստոնյաները թաթարների դեմն առնելու համար` երկաթե խաչերով զինավորեցին իրենց զորքերը, այսինքն` փոխանակ զինվորներին սուր ու նիզակ տալու` նրանց ձեռքը տվին մեկ-մեկ երկաթե խաչ։ Ի՞նչ ասել պետք է, որ թշնամին էլ հենց այդ կուզեր: Պարսից մի թագավոր Եգիպտացոց դեմ արշավելիս` առաջապահ զինվորների ձեռքը մի-մի կատու է տալիս, գիտենալով, որ Եգիպտացիք կատվի վրա նետ չեն արձակիլ, քանի որ նրանց կրոնը խստիվ արգելում էր այդ։ Եվ նա չսխալվեց։ Եգիպտացիք այդ բանը տեսնելով` ետ փախան զարհուրելով։ Մերոնք փոխանակ օգուտ քաղելու թշնամու թույլ կողմից,