Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/93

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բացատրել բնության և կյանքի երևույթները: Եթե մարդկությունը կարգե դուրս ընդունակ զավակներ ծնելու հատկություն չունենար, նրա հառաջադիմությունը շատ դանդաղ քայլերով առաջ կերթար. բայց շնորհիվ հանճարների՝ մարդկության հառաջադիմությունը սաստիկ արագանում է։ Ներկա ժամանակումս մեկ օրվա կատարվածը անցյալում տասնյակ դարերում չէ կատարված։ Եվ ինչպե՞ս կարելի է, որ մարդու մանկությունը հավասարվի նրա երիտասարդությանը։ Հավատի դարերում մարդկությունը մտավորապես մի պատանի էր, իսկ գիտության դարում՝ մի առույգ և առողջամիտ երիտասարդ։ Ավելի հասուն հասակի մեջ կհասունանա նրա մեջ և Բարեխոհությունն ու Արդարասիրությունը, որ այժմ շատ նվաղ է:

— Հարգելի եղբայրներ և քույրեր, դժվարը դեպի առաջ,դեպի ապագան նայելն է. ո՞վ կիմանա, թե ապագան ի՞նչ ունի թաքցրած իր մեջ. իսկ ետ նայելը շատ է հեշտ։ Կյանքի մեջ առաջ ենք գնում մեզ անծանոթ մի ճանապարհով, իմանում ենք, թե ինչ տեղերով անց կացանք, բայց չենք կարող գուշակել, թե էլի ինչպիսի տեղերով պիտի անցնենք և որպիսի արկածների և փորձանքների պիտի հանդիպենք։ Մենք հիմա կարող ենք գիտենալ, թե մոտավոր անցյալում որպիսի սխալներ է արել մարդկությունը կամ ինչ պատճառից է առաջ եկել նրա այս կամ այն սխալը։

Երևակայեցեք ձեզ մի ահագին լեռնաշղթա, որ իր մեջ թաքցրած ունենա շատ պատվական գանձեր, բայց այդ շղթան ունենա և անթափանցելի անտառներ, անդնդանման ձորեր,անմատչելի գագաթներ, չարաթույն վիշապներ և ամեհի գազաններ։ Մարդը կարո՞ղ է արդյոք ձեռք բերել այնտեղից այն պատվական գանձը, մինչև զինված և զրահավորված չլինի հանճարի հնարած զենքերով և գործիքներով։ Մարդկությունն ուզեց առանց խելքի օգնության, այլ միայն հավատով՝ հասնել կրոնի ցույց տված իդեալին, շահվիլ նրա պատվական գանձից. բայց նա ոչ միայն չմոտեցավ իր նպատակին, այլ ընկավ կրոնի անհատակ և մութ ձորերը և դարերով մնաց խավարի և թշվառության մեջ։ Այս այնքան բնական էր, որքան բնական էր այն, որ տգետը գիտուն և հիմարն իմաստուն լինել չէին կարող։ Ամեն մարդ միևնույն աստծուն իրան է