Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/96

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ու այն դասակարգը կարող է իր օգուտը վեր դասել ընդհանուր ազգի օգուտից. բայց այս բանն աշկարա է, և մենք ամեն օր տեսնում ենք մեր աչքովը։ Շատ վրդովեցուցիչ բան է, մանավանդ, երբ այդ դասակարգից վատերը աստվածային, կրոնական և հոգևոր կոչում են կրում իրանց վրա։ Սա է, որ հեղաշրջում է աստուծո խոսքը և նրան, փոխանակ կյանքի աղբյուր շինելու, թշվառության ու մահվան աղբյուր է շինում,շարունակ հարստահարելով ժողովրդի հավատը։ Այս հանգամանքը շոշափելի կացուցանելու համար, մենք դեռ պիտի իմանանք, թե որտեղ է թաք կացած ժողովրդի թշվառության և երջանկության աղբյուրը։

Երևակայեցեք ձեզ մի համայնք, որ իր գյուղամիջումն ունի մի մեծ ծառ։ Այդ ծառը ոչ ոքի սեփականությունը չէ, այլ ամբողջ համայնքին է պատկանում։ Ամեն մի ծերունի հիշում է, որ ինքը դեռ մի մանուկ էր, որ այդ ծառը գոյություն ուներ՝ նույն հսկայական մեծությունովը, նույն բազմաճյուղ ոստերովը և նույն լայնատարած ստվերովը։ Նրա հովանու տակ հավաքվում են ծերունիները և համայնքի առօրյա և ընդհանուր հոգսերի մասին են խորհում. հավաքվում են երիտասարդները և իրանց կատարած թարմ սխրագործություններն են պատմում միմյանց. հավաքվում են մանուկները, և իրանց մանկական խաղերն են խաղում։ Լուսաբացին սարյակներն ու ծիծեռնակներն են ճռվողում նրա սաղարթախիտ ճղների վրա, իսկ գիշերները սոխակն է իջնում և սկսում իր սքանչելի դայլայլիկը:

Արդյոք ի՞նչ կլինի այդ դարավոր ծառը նույն հասարակության համար, որքան սիրելի և պաշտելի։ Ո՞ւմ ձեռքը կզորե որևիցե վերք հասցնել նրա կեղևին։ Ո՛չ ոքի։ Նա սուրբ է և անձեռնմխելի։ Երբ հեռավոր գյուղերից օտար մարդիկ են գալիս և ամառվա շոգին նստում նույն ծառի հովանու տակ, նրանք ավելի են սքանչանում և երանի են տալիս նույն համայնքին, որ այսպիսի մի հսկայական ծառ ունին իրանց հովանավորող։ Կգա ժամանակ, որ այդ ծառը կընկնի, բայց նրա հովանավորությունը ոչ ոքի մտքից չի ընկնիլ. մարդը մարդուն կասե. «Ինձ քո հովանավորության տակն առ». «Փուշը որ փուշ է, կասե, ճնճղուկին հովանավորում է։ Այս հովանավորությունը կշարունակվի սերնդե սերունդ։

95