Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/103

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

յուր հարցի բառերի թիվը պահանջել, նոցա տված պատասխանի բառերի թիվը պահանջել նոցա անզգուշապես ասած մի քանի բառերի թիվը պահանջել, որպեսզի աշակերտք միանգամայն ըմբռնեն, որ ամեն մի ասված, ինչու վերա էլ որ լինի, բառերով է լինում, իսկ այդ բառերը ջոկ-ջոկ լինելով, կարող են համրվիլ, մի որոշ թվով լինիլ:

Ուրեմն երկրորդ շրջանի գլխավոր նպատակը պետք է լինի պարբերությունքը լուծել բառերի, ասել տալ շատ պարբերություններ և լուծել տալ նոցա։ Վարժապետի հմտությանը կմնա որքան կարելի է բազմակողմանի առնել այդ կրթությանը ձևերը, առանց ավելորդ բարդության, մի դասին կրթության այսինչ ձևը, մյուս դասին այնինչ, բայց միշտ առաջ հեշտը, հետո դժվարը, առաջ պարզը, հետո բաղադրյալը, առանց շեղվելու գործի էական նպատակը:

ՇՐՋԱՆ ԵՐՐՈՐԴ

Լուծումն բառերի

Կամենալով ծանոթանալ բառերի հետ, մենք լուծեցինք նախադասությունները, իսկ այս շրջանի մեջ վարժապետի նպատակը պետք է լինի մանուկներին ծանոթացնել վանկերի հետ, այդ պատճառով նա պետք է լուծե բառերը։ Լուծման ձևը նույնն է մնում ինչ որ առաջ, փոխվում է միայն գործողության ենթական, ըստ որում նախադասությունները համեմատաբար կարճ ու երկայն են, այնպես էլ բառերն են. սոքա ևս ունին համեմատաբար կարճություն ու երկայնություն։

Մենք հիմի գիտենք, որ մեր ասածները խոսքերով են լինում,— ասում է վարժապետը,— գիտենք, որ այդ խոսքերը ջոկ-ջոկ են լինում, և կարողանում ենք համրել դորանց: Ես հիմի կասեմ երկու բան, դուք իմացեք, թե քանի խոսք կա ամեն մեկի մեջ։

1. Ինձ… տար… մեր… տուն։