առաջ վազեն, մինչդեռ հին և հնչական ձևերի շնորհիվ երեխան յուր թմրությունից և դանդաղկոտությունից չէր ազատվում երկար ժամանակ։ Ինչևիցե. դառնանք մեր գործին։ Երեխայքն արդեն գիտեն ճանաչել թվանշանները, վարժապետն այդ հանգամանքից օգուտ քաղելով, նախապատրաստում է նոցա գրության։ Դասատան տախտակի վերա գրում է քանի մի կարգ թվանշաններ և առաջարկում է կարդալ, օրինակ, այսպես․
'1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10,
9, 1, 2, 3, 4, 7, 6, 8, 3, 4,
7, 8, 5, 6, 3, 2, 5, 1, 9, 8,'
Երեխայք կարդում են անսխալ կերպով։ Պատճառն ի՞նչ է, ասում է վարժապետը, որ դուք կարողանում եք այդպես անսխալ ասել ամեն մի թիվ․ մեկի տեղը երկու չեք ասում, չորսի տեղը երեք կամ մի ուրիշ թիվ։ Կարծեմ նրա համար չեք սխալվում, որ մեկի նշանը ուրիշ է, երկուսի նշանը ուրիշ։ Ամեն մի թվանշան ունի յուր համար մի ջոկ անուն և չի խառնվիլ մյուսների հետ։ Ինչ եք կարծում, լավ չէ՞ր լինիլ, որ մեր խոսքերի ձայներն էլ թվերի պես մի մի նշան ունենային, որ էլի այսպես գրեինք և սկսեինք կարդալ։ Օրինակ, դուք արդեն գիտեք, որ «հաց» երեք ձայն ունի, հը, ա՛, ցը, եթե հը ձայնը մի ջոկ նշան ունենար, ա ձայնը մի ջոկ, ցը ձայնն էլ, այդ ջոկ նշանները որ քովեքով գրեինք, չէ՞ինք կարդալ հըացը կամ ավելի շուտ ասելով չէ՞ինք ասիլ հա՛ց մեկ անգամից։
Այս օրինակից մի քանիսը կրկնելով աշակերտներին գլխի է գցում վարժապետը, թե ինչ է ուզում ասել, այնպես որ ամենքն էլ համակրում են վարժապետի ասածին, նկատելով, որ հիրավի, եթե բոլոր ձայները մի մի նշան ունենային և մենք ճանաչեինք այդ նշանները, կարող էինք գրել մեր ասած բոլոր խոսքերը և կարդալ։
Շատ լավ: Եթե ուզենայինք գրել տուն, քանի՞ նշան հարկավոր կլիներ մեզ.– երեք։ — Ինչո՞ւ համար. — նրա համար, որ տան խոսքը երեք ձայն ունի, ամեն մի ձայնին