Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/124

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թե ինչի մեջ է կայանում։

Լսված հեքիաթը կամ առակը և մի որևէ այլ պատմություն, բառ բառից և նախադասություն նախադասությունից կցված մի ամբողջ շղթայի պես է տպավորված մտքի մեջ։ Այդ շղթայի առաջին օղակը դուրս քաշելուն պես՝ մյուս օղակներն էլ հետևիցն են դուրս գալիս և այդ էլ այնքան շատ հեշտությամբ և արագ, որքան շատ անգամ է կրկնվել միևնույն գործողությունը։ Այսպես են առհասարակ բոլոր անգիր արած բաները՝ թե հասկացողությամբ լինին եղած դոքա և թե չհասկացողությամբ, թե իրանց հասկանալի բառերով լինին նոքա, թե չհասկանալի, ինչ կարգով և դասավորությամբ որ ներս են գնացել, նույն կարգով էլ դուրս են գալիս։ Բայց այսպես չէ մի ինքնուրույն նկարագրություն անելը։ Այս դեպքում շղթայի միայն օղակները կան, բայց դոքա չեն կցված միմյանց հետ. երեխան ինքը պիտի կապկպե դրանց և մի ամբողջություն կազմե և այդ էլ այնքան շատ հեշտությամբ և արագ, որքան շատ օղակներ ունի յուր մտքի մեջ, այսինքն որքան որ ճոխ է նորա մտքի պաշարը առաջարկյալ ամբողջությունը կազմելու համար։ Գեղացի երեխայի միտքը ավելի շատ պաշար ունի, քան թե քաղաքացունը, և այդ պատճառով էլ առաջինը հեշտությամբ է կազմում մի ամբողջություն, իսկ երկրորդը՝ դժվարությամբ և կամ բնավ չի կարողանում, ըստ որում ոչնչից չի կարող նա մի ինչ շինել: Չեմ տեսել, ուրեմն չգիտեմ և չեմ կարող ասել, թե ինչպես է լինում այդ բանը: Գյուղի երեխան բնության գոգումը մեծանալով ականատես է նորա բոլոր երևույթներին։ Նորա աչքի առջև սար ու դաշտ ծլում ծաղկում է, ամեն մի եղանակում մի նոր կերպարանափոխություն ստանում։ Նա մտնում է անտառը և գիտե յուրաքանչյուր ծառին յուր անունը տալ, մտնում է այգին՝ նույնպես։ Չվող թռչունները յուր հայրենի տանիքի տակ բույներ են շինում, և նա ականատես է նոցա յուրաքանչյուրի բոլոր