բնավորությունը պիտի բարվոքենք ոչ թե նորա համար, որ նա այս և այն առարկան լավ սովորե, այլ նորա համար, որ բարեկրթվի, որ նա դառնա լավ բնավորության տեր մարդ։ Այս հեռավոր և գլխավոր նպատակին ձգտելու աշխատելով, մենք բնականապես հասնում ենք ուրիշ շատ մոտավոր նպատակների, որոնք ավելի հետևանք և նշաններ են բուն նպատակի ձգտման, քան թե նպատակ։ Բարոյախոսի ջանքը պիտի լինի նորեկ ուսանողին տալ կամք, որ նա գիտակցաբար, ինքնուրույնությամբ, յուր սեփական օգնությամբ, յուր մտքի թելադրությամբ առ բարին և կատարյալն ձգտի: Դաստիարակը յուր այս ջանքը արդյունավորված պիտի տեսնի տղայի վարուց և բարուր մեջ և ոչ նորա լեզվի:
Բարոյախոսության նյութը պետք է լինի եղած թերությունքը և մոլությունքը պախարակելի և ատելի կացուցանել մարդկանց գիտակցությունը դարձնելով այդ հանցանքների վերա կողմնակի միջոցներով և չեղած առաքինությունքը պատկերացնել այնպիսի մի ոճով, որ գրավեն մանուկներին և նոցա մեջ զարթուցանեն ձգտումն առ այդպիսի կատարելությունք։
Ավելորդ չենք համարում ասել նաև, որ առաջին տարին հավատո մասանց հետ գործ պիտի չունենա վարժապետը (միայն աղոթքներից տերունական աղոթքը կսորվեցնե. այն էլ գրաբարի հետ նաև աշխարհաբար), այդ է պատճառը, որ մենք կրոնագիտությունը չենք անվանում բարոյախոսություն: Դեռևս կրոնի ուսմունք չսկսած, մանուկներին պետք է նախապատրաստել ըմբռնելու կրոնի բարձր և վսեմ բարոյականը: Մենք չենք կարող սիրել աստծուն, եթե չենք սիրում մեր ծնողներին և ոչ մեր ծնողներին կարող ենք սիրել գիտակցաբար, եթե ծանոթ չենք մեր անձնավորության օգտի և վնասի իրավանց և պարտականությանց հետ, հայտնի բան է՝ փոքր դիրքով առած այդ բաները։ Այդ իսկ պատճառով պետք է սկսել անձնավորությունից, նորանից անցնել մոտավորին և ապա քայլ առ քայլ ավելի հեռավորին հասնել, և ոչ թե հակադարձն անել: