Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/134

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԵՐԳ ԵՎ ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈԻԹՅՈԻՆ

անել։ Եթե ճշմարիտ է, որ չար մարդիկ երգ չեն սիրում, ապա ուրեմն մանուկները, որ բացարձակ բարի են, երգի ամենամտերիմ բարեկամներն են։ Ով չգիտե, որ մանուկները խոսելուց առաջ երգում են, թեև, իհարկե, առանց բովանդակության։ Նոքա ամբողջ բառեր արտասանել կարողանալուց առաջ ջոկ֊ջոկ հնչյուններ են արտասանում և հետո աննշան վանկեր. այդ ձայները և վանկերը նոցա համար դառնում են երգեցողության նյութ և դոցա կրկնությամբ ճխում–ճչում են թռչնակի պես (о՜, առու՜, բnւ՜, ղա՜ և այլն)։ Այս միևնույնը կարող ենք ասել և խաղալու վերաբերությամբ։ Խաղալն ու երգելը երեխայոց ընդաբույս հատկություններն են։ Անիրավություն կլինի ուրեմն դպրոցի մեջ զրկել երեխային թե մինից և թե մյուսից, քանի որ բնությունն ինքը տվել է նոցա այդ հատկությունը իրանց անձնական օգտի և երջանկության համար։ Հարկավոր է միայն կարգի֊կանոնի տակ դնել թե երգերը և թե խաղերը, իրանց գիտցածներից ընտրել լավերը և արգելել վատերի գործադրությունը։ Մեր մեջ չկա դեռևս հրատարակած մանկական երգարան, այդ թերությունը ինքը վարժապետը պետք է լրացնե զանազան երգարաններից այնպիսիքն ընտրելով, որոնք թե եղանակի պարզությամբ, և թե բովանդակությամբ դյուրըմբռնելի լինելով հարմար լինեն մանկանց զարգացման աստիճանին։ Խոսք չկա, որ ձայնագրություն ասված բանը կարող չի տեղի ունենալ նախապատրաստական դասատանց մեջ, այդտեղ երգերի թե բովանդակությունը և թե եղանակը պիտի սովորեն բերանացի։ Մարմնամարզության համար ավելորդ է շատ խոսելը. դա մի ինքնուրույն ազգային բան չէ, որ կարոտություն ունենար մեր կողմից առանձին մշակության. հարկավոր է միայն վարդապետին առաջնորդ ունենալ իրան մի այդպիսի գիրք մարմնամարզության, որ հմուտ մանկավարժների և բժիշկների քննադատությամբ լավագույն և օգտակարագույն լինի համարված մանկանց սկզբնական մարզման համար։

134