կարդալու հնար ստացածը։ Եթե կարդալ գիտե, բայց ոչ գրել (ուզում եմ ասել շարադրեր իրանից դրել և ոչ թե վայնաչարի արտադրել մեքենաբար), մեկ որ նրա կարդալը թերի, անգիտակցաբար և շատ տգեղ կլինի, և երկրորդ կարդալու դիրք չունենալով նա պիտի դադարի կարդալ և միառժամանակից հետո պիտի մոռանա։ Բայց գրելու հնար ստացած երեխան առիթ չունի գրելը դադարեցնելու. այդ մի արվեստ է նրա ձեռքին, նորա մեջ, նա դիրք էլ չունենալով՝ միշտ կգրի. կգրի ավազի վրա, ձյունի վրա, քարի վրա, փայտի վրա, ածուխով, կավիճով, զանազան պտուղների հեղուկով, տեսակ-տեսակ ցողուններից յուր համար գրիչ շինելով։ Ես ինքս շարունակ մի քանի տարի այսպիսի վիճակի մեջ եղած եմ, խանչալով, կացնով եղեգնից գրիչ եմ կտրել, մոշի հեղուկով ձեռքիս երեսին գրել… տեսել եմ և ուրիշներին, իհարկե՝ անտառումը, հանդումը, գութանումը, տավարումը, սարումը։ Ավելի հեշտ է մի նոր ընտելմունք, սովորություն, ունակություն տալը, քան թե եղածից ձեռք վերցնել տալը։ Օգտավետ ճանաչված սովորությունը շարունակվելով՝ օրեցօր անում, բեղմնավորվում է մարդուս մտքի հասունության հետ։
Զ
Արդ, ինչպե՞ս և ի՞նչ ձևով կարելի է հասնել այդ բեղմնավոր արդյունքին։ Պ. Մանդինյանն ասում է, որ ամեն մի ձևով էլ կարելի է արդյունք ցույց տալ եթե ուսուցիչը մի ընդունակ, մարդ է, և իմ տված արդյունքը նա իմ ընդունակությանն է
վերագրում, իսկ յուր բացասական արդյունքը յուր աշակերտների խամությանը, մինչդեռ այդ խամ համարված աշակերտները իմ կողմն անցնելով՝ ամենափառավոր արդյունք են
ցույց տալիս։ Երբ որ հարկ լինի, ես կասեմ, թե որոնք են այդ աշակերտները։ Բայց պ․ Մանդինյանի ասած արդյունքը բեղմնավոր արդյունքի մասին չէ, նա այդ մասին դեռ նոր է մտածում, նոր է փնտրում, տեսնում է, որ յուր Օթտոն այդ բանին անընդունակ է, դիմում է փորձառու ուսուցիչներին և այդ մասին կարծիք է հարցնում։