Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/17

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նորա միտքը զանազան կարծիքների ազդեցությամբ կերպ-կերպ փոփոխմունք ստանալով և տարաժամ հոգնելով կանգ առավ մի կետի վերա։ Իբրև խելացի և ուսման ճաշակն առած մարդ, սկսավ հաշիվ տալ ինքն իրեն, թե ինչ է ինքը։ Ինչպես մի հիվանդ մարդ զգա յուր տկարությունը, բայց բժշկվելու չափ կենդանական զորություն չունենա յուր մեջը, նույնը պատահեցավ և մեր միակողմանի զարգացած գիտնականին։ Նա տեսավ, որ թեպետ շատ բաներ է ձեռք բերել արտաքուստ, բայց և շատ բաներից է զրկվել ի ներքուստ,որոնք եթե մնացած լինեին, ավելի մեծ օգուտ կբերեին յուր անձին, քան թե յուր ձեռք բերածները, որոնք առանց նոցա ոչինչ են։ Ամոթ, երկյուղ, զարմանք, ուրախություն, հոգեկան զմայլմունք, տրտմություն, սեր, հավատ, խիղճ, երեվակայություն, աշխույժ, եռանդ և այլ այսպիսի շատ բաներ անհետացան նորա բնությունից և ոմանց միայն չնչին նշանը մնացին։ Նա գործունյա էր յուր անձը բնազդողաբաթ պահպանելու չափ։ Նորա մարմնո գծագիրը տեսնելու բան չէր։ Աչքերը խոր էին ընկել, ծնոտը սրվել, մազերը թափվել, ստամոքսը խանգարվել, թոքերը մաշվել, ջղերը չորցել մեջքից կեռացել և վերջապես դարձել մի գիտնական կմախք։ Այս մարդը, որ պիտի հանճար դառնար, տգիտացավ, մոլիացավ և նվաղեցավ։ Վասն ղի քանի՜-քանի՜ գիտնալու բաներ կան, որոնց մեր միտքը կարող չէ հասնել առանց օգնության մարմնո ուժի և հոգվո վառ երևակայության և ընդհակադարձն։

Բ

Մենք ասացինք, որ դաստիարակության նպատակն է մարդուս առնել ուժեղ, խելոք և առաքինի։ Գուցե ասողներ լինեն մեզ, որ եթե դաստիարակությամբ կարելի է մարդուն այդ գովանի հատկությունքը տալ, էլ ի՜նչ ասել է բնական ձիրք, կամ «ժառանգականապես անցումն որակության ծնողաց առ որդիս»։ Մենք չենք հերքում ամենևին, որ ծնողաց հատկությունը անցնում են իրենց զավակացը, բայց այդ չէ՛

Ղ.Աղայան, Երկերի ժող. հ. IV