Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/192

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

շատ ուշ, և ավելի ուշ, քան նույնիսկ գրականությունը։ Հույները քերականություն չունեցած՝ Հոմերոսներ ունեին, Հայք քերականություն չունեցած՝ գողթան երգիչներ ունեին։ Միթե այսօր իսկ ամեն ազգ և մենք ինքներս չունի՞նք բանավոր գրականություն։ Ի՞նչպես է կազմվել այդ գրականությունը առանց քերականության, և մի՞թե առանց քերականության կարող չենք այդ բանավոր գրականությունը գրի առնել և նրանից հանել և սովորել քերականություն։ Մի՞թե ձայնագրություն սովորելու համար քերականության պե՞տք կա։ Եթե մեր անգրագետ ժողովուրդն ավելի ուղիղ է խոսում, քան թե քերականություն գիտցող գրագետը, այդ բանի մեղավորը պետք է համարել քերականությունը, որ ոչ միայն կենդանի լեզվի չափ ուղիղ խոսելու ունակություն չի տալիս, այլև խանգարոմ է նրա ուղղախոսությանը։


Արդյոք մեր նախնիք, որ քերականություն են շինել կամ թարգման ել, ինչպես մինչև այսօր անում են և մեր ժամանակակիցները, դրանով օգուտ են տվել մեր լեզվի՞ն, թե վնաս։ Մի թե մի, դեռևս չուսումնասիրված, չհետազոտված լեզվին քմահաճո կանոններ տալը մի շատ ցանկալի բան է։ Եթե այսօր տաճկաստանցիք ջոկ և մենք ջոկ սահմանափակենք մեր լեզուն հայտնի կանոններով և մի տեսակ միջնորմ ձգենք այդ երկու լեզվի մեջ, կարո՞ղ ենք արդյոք դրանց իրար մոտենալուն արգելք լինել։ Եթե կարողանանք, վնա՞ս կլինինք տված, թե՞ օգուտ։ Եթե չկարողանանք, զուր չպիտի՞ լինինք հորինած քերականություն, քանի որ չպիտի կատարվին նրանում հայտնած կանոնները։ Բայց մի րոպե թողն ենք այս ընդհանուր ազգային հայեցակետը, և մանկավարժական, կրթական տեսակետից նայենք։


Բարձր և բարձրագույն դպրոցներում մայրենի՝ կամ ասել ազգային լեզվի ուսումնասիրությունը մի շատ կարևոր և ցանկալի բան է։ Շատ ցանկալի է, որ մեր բոլոր բարբառներն ևս ուսումնասիրվին և ցույց տրվին նրանց քերականական հատկությունները։ Բայց քերականության ուսումն ի՞նչ նպատակ ունի տարրական դպրոցներում. արդյոք օգտակա՞ր է, թե՞ վնասակար, - ահա այս է կարևորը։ Պարոն Տեր-Ղևոնդյանը փոխանակ այդ գործի օգտակարությունն