Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/194

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գիրքը, որ երեխան ունի իբրև ընթերցարան, որով նա կարդալ է սովորում, որ արտադրում է, որ բերան է անում մեջի եղած լավ կտորները, բանաստեղծությունները, նույն գիրքը պիտի տա լավ կարդալու, լավ և անսխալ գրելու նյութ։ Եթե երեխան կարդում է՝ «Կարմիր վարդը բացվում է մայիսին», ոչ միայն լավ հասկանում է, թե ի՞նչ է կարմիրը, վարդը, բացվիլը, մայիսը, այլև նրա հոգու մեջ նկարվում է գարնան գեղեցիկ պատկերը, յուր տեսած պարտեզը, վարդի թուփերը կարմիր վարդերով զարդարված. միտն է բերում Հուր վարդ քաղելը և այն բոլոր դեպքերը, որ այդ դեպքի հետ կապ են ունեցել, թե ինչպես հոտոտեցին, ինչպես խլեցին իրար ձեռքից, ում տվին, ումնից ստացան։ Եթե ուզենանք հարց ու փորձ անել այս մասին, երեխայոց պատմություններին վերջ չի լինիլ, ուստի և պետք չէ շատ ծռծռացնել և ժամանակ կորցնել, բայց այդ նախադասությունը թելադրելիս կամ կարդացնելիս, կարելի է օգուտ քաղել «վարդ» բառից և մանուկներին ասել և սովորեցնել, որ «վարդ» գրվում է դ-ով, բայց կարդացվում է «վարթ»․ թե՝ կան մի քանի բառեր, որոնց մեջ դ-ն հնչվում է թ-ի նման, ինչպես գրում ենք մարդ, բայց կարդում ենք մարթ. ասում ենք՝ զարթ և դրում զարդ, զարդարանք, զարդարել, զարգարած, ասում ենք՝ կարթա՛, կարթալ, կարթաց, բայց գրում ենք կարդա՛, կարդալ, կարդաց, ինչպես որ ասում և կարդում ենք եղպայր, բայց գրում ենք եղբայր, ասում ենք ախպյուր, և գրում աղբյուր… Այսպիսի դեպքերում պետք է ի նկատի ունենալ և տեղական բարբառը, տեղական արտասանությունը այս ու այն տառի։ Վրացահայ մանուկը չի ասիլ վարթ, այլ վարդ, որովհետև վրացիք ասում են վարդի և ոչ վարթի: Եթե տեղեր կան, որ վարթ ասելու տեղ ասում են վարդ, թող այդպես էլ ասեն, այդ ավելի ուղիղ է և ոչ սխալ, մանավանդ թե ավելի կօգնե ուղղագրությանը, բայց ուր որ այդպես չեն հնչում, նրանց էլ չպետք է հարկադրել, որ վարդ ասեն և ոչ վարթ, որ բուն հայ լեզվի արտասանության կանոններին ընդդեմ չէ և ունի յուր քերականական օրենքը, որ ծագում է ր գրի առանձնահատկությունից։


Այսպես ահա մերժելով քերականության մուտքը տար-