Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/205

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
Այս էջը սրբագրված չէ

ինչ որ պակաս է, և խլում, ինչ որ ավելորդ է։ Այդպես ենք զարգանում և կրթվում մենք ինքներս, երբ միտք ենք դարձնում մեր ինքնակրթության վրա, սովորում ենք, ինչ որ հարկավոր ենք համարում գիտենալ, և դուրս մղում մեր գլխից ինչ որ վնասակար և անօգուտ ենք համարում։ Ձեռք ենք վերցնում սուտից, մոլորությունից, նախապաշարմունքից, մոլությունից և ձեռք բերում ճշմարիտը, ստույգը, բարին և օգտակարը։


Այդպես է մշակվում և կատարելագործվում ամենայն ինչ, որ զարգանալու ենթակա է, որ կենսունակ է և աճելու հատկություն ունի։ Ամենայն ծնունդ-լինի նա հողի, արգանդի, մտքի և երևակայության, սկզբումը միշտ անկատար է, - մանուկ է, խամ է, մատաղ է։ Նա պիտի աճի, եթե մի բույս է, պիտի զարգանա, եթե մի մանուկ է, պիտի կատարելագործվի, եթե մի արվեստ է կամ գործիք, պիտի ստուգվի և ճշմարտվի, եթե մի ենթադրություն է։ Այսպես է բնության անփոփոխ օրենքը, որ իր ազդեցությունն անխտիր տարածում է ստեղծագործության բոլոր հյուլեների վրա։


Գիտակցության հասած ազգերը օգտվում են բնության այս օրենքից և կատարելության գործը հեշտացնում և արագացնում են։ Ինչ որ անգիտակից ժողովրդի մեջ կատարվում է անհուն դարերի ընթացքում, գիտակցության հասած ժողովուրդը նույնը կատարում է մի քանի տարվա մեջ։ Ուրեմն աջակից լինինք միմյանց և միասին հերկենք մեր մտավոր և բարոյական խամ ու խոպան անդաստանը, հետազոտելով նրան, խլելով նրանից փուշն ու տատասկը, քարն ու քոլը և տալով բարվոքվող նյութեր, որպեսզի մեր ցանած սերմերը միայն վաթսուն ու հարյուր տան։


Բ


Երբ մի խոր հայացք ենք ձգում մեր գրերի գյուտի և նրանց զարգացման պատմության վրա, տեսնում ենք, որ սկզբումն այս գրերն այնքան անկատար են եղել, որ Մեսրոպն


205