Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/206

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ստիպվել է գյուղե գյուղ և քաղաքե քաղաք ընկնել նրանց կատարելության հնարը գտնելու համար։ Նույնիսկ պատմությունն ինքը, որ այս մասին տեղեկություն է թողել հետնորդներիս համար, այնքան անկատար է, որ մենք նրանից ոչինչ կատարյալ բան չենք հասկանում։ Թե ինչո՞ւմն էր անկատարությունը, քանի՞ գիր ունեին առաջ և որոնք էին. հետո քանի՞սը գտնվեցան և որո՞նք, այս մասին մեզ ոչինչ չի ասում պատմությունը։ Այսպես ահա մեր գրականության սկիզբը, նրա ուղղագրությունը և բառագրության ձևը մեզ համար մթության քողով ծածկված են։ Սկսած հինգերորդ դարուց մինչև իններորդ դարը - չորս հարյուր տարվա ընթացքում ձեռագրված մատյաններից ոչ մեկը մեզ չի հասել։ Զարմանալին այս է, որ արձանագրության հետք էլ չի մնացել այդ ժամանակից։ Բայց ես մի հրաշալի արձանագրություն տեսա Երուսաղեմ Ձիթենյաց լեռան վրա։ Այնտեղ ռուսաց եկեղեցու հիմքը փորելիս մի քանի տարի առաջ, գետնի տակից երևացել է մի մոզաիկազարդ գերեզման անեղծ և անարատ, վրան գրված է մեսրոպյան տառերով՝ (Այս դիր Ե․ Շուշանկայ մաւրն Արտաւանայ հոռի ժը»։ Սրա վրա ռուսները մատուռ են շինել և պահպանում են առանձին խնամքով։ Երուսաղեմի հանգուցյալ պատրիարք Եսային էլ նույն գերեզմանի պատկերը իսկականի մեծությամբ և զարդարանքով նկարել է տվել և կախել պատրիարքարանումը։ Նույն գերեզմանից մի քանի քայլ հեռու դեպի արևելք դարձյալ գետնի տակ երևացել են երկու կարգ գերեզմաններ հայ իշխանների ու տիկինների։ Սրանցից երկուսն են և՛ նշանավոր և՛ զարմանալի։ Մեկի վրա գրված է եղել Շուշանիկ. իսկ մյուսին՝ Ջոջիկ: Մի֊մի բառ միայն, բայց շատ բան պարունակող։ Ջոջիկը վրաց Վազգենի եղբայրն է՝ Շուշանիկի տագրը, իսկ Շուշանիկն էլ մեր Շուշանիկն է, ամենիս սիրելի Վարդանի դուստրը, որի մասին մենք կարծում էինք․ թե Թիֆլիսի Մետեխի բերդումն է ամփոփված։


Մեզ համար՝ ներկա նյութի վերաբերությամբ հետաքրքրականն ավելի Արտավանա մոր տապանագիրն է։ Այս դամբարանը, որ հնումն ասվում էր գիր, երկու բանով է նշանավոր, մեկ որ թվական չունի, երկրորդ որ՝ է գրի տեղ գրված է Ե:


206